«Ես մինչև պատերազմը էղել եմ կլարնետահար, դուդուկահար, զուռնա... ժողովրդական գործիքներ նվագում էի։ Նենց ստացվեց, որ պետարամզը խլեց էդ ամեն ինչը։ Հիմա աշխատում եմ որպես հանդիսավար։ Կլարնետով արդեն եղել էի ռեստորանային կյանքի մեջ, ինչ-որ չափով ինձ էդ ամեն ինչը դուր էր գալիս։ Բայց հիմա, ոչ թե հանդիսավարությունն ա ինձ ձգում, այլ դերասանությունն ու հաղորդավարությունը», - ասում է նա։
Աբովյանի Զառ գյուղում բնակվող Էդմոնդին հանդիպեցինք «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն գնալու ճանապարհին։ Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցող ձախ ձեռքի պրոթեզն տանը գրեթե չի կիրառում, տուն մտնելուն պես հանում է. - «Ընկերոջս տղեն մի օր մեր տանը տեսել էր ձեռքս հանած, վերցրել խաղացել էր»։
Հիմա գերժամանակակից պրոթեզավորում է իրականացվում
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի պրոթեզավորող Կարեն Դանիելյանն այստեղ բուժում ստացող գրեթե բոլոր տղաների խնդիրերն անգիր գիտի։ Էդմոնդի ձեռքի պրոթեզի մասին ասաց. - «Նա կարող է ինչ-որ ծանրություն վերցնել, օրինակ գրիչ, գդալ, պատառախաղ։ Ձեռքին տեղադրված են սենսորային հաղորդիչներ, որոնք ղեկավարվում են մկանների միջոցով։ Այնպես չէ, որ առաջին անգամ ենք գործ ունենում գերժամանակակից պրոթեզների հետ, ուղղակի առաջին անգամն է երևի, որ այսպիսի ֆինանսավորում ունենք և կարող ենք մեզ թույլ տալ գնել դրանք։ Նախկինում այսպիսի ծավալների կարիք չի եղել։ Հիմա գերժամանակակից պրոթեզավորում է իրականացվում»։
Պատերազմի հետևանքներից վերականգնվելու համար երկար ճանապարհ է անցել Էդմոնդը։ Բուժում, հոգեբանի հետ զրույցներ. - «Անձամբ ես ուզեցի, որ հոգեբանի հետ զրուցեմ, որովհետև ես հասկանում էին, որ դա իրականում պետք է ինձ։ Ու ով էլ չի օգտվել, հաստատ իրանք շատ դժվար ձևով են կարողացել դուրս գալ»։
Հոգեբանական խնդիրները նա մասամբ հաղթահարել է, բայց ուղեղը չի կարողանում մոռանալ ձեռքը, որն այլևս չկա. - «Մինչև էսօր էլ ես իմ մատները զգում եմ՝ հատ-հատ։ Ամբողջ կյանքում էլ դու զգալու ես, որովհետև էդ քո մոտ եղել ա։ Ուղեղդ երբեք չի կարող հասկանալ, որ ինքը չկա»։
Պրոթեզավորվել է պատերազմի 118 մասնակից
44-օրյա պատերազմից հետո հաշմանդամության կարգ է ստացել 1464 մարդ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ պրոթեզավորվել է պատերազմի 118 մասնակից։ Նրանցից 98-ը ստացել է ոտքի, 20-ը՝ ձեռքի պրոթեզ։
Այդ նպատակով պետբյուջեից ու հիմնադրամների տրամադրած միջոցներից ծախսվել է ավելի քան 1,3 միլիոն դոլար։
«Զինվորը, որը որ պատերազմի արդյունքում վիրավորում է ստացել, բնականաբար, պետք է պետության ուշադրության կենտրոնում հայտնված լինի, և ցանկացած տեսակի կարիք ըստ անհրաժեշտության գնահատվել է պետության կողմից և համապատասխան աջակցությունը տրամադրվել է։ Հնարավոր է, որ կան, օրինակ, ես գիտեմ զինվոր, որը որ ունի ամպուտացիա, բայց չի կարող դառնալ այս պրոթեզի կրողը, որովհետև մի քանի վիրահատական միջամտություններ դեռ պետք է տեղի ունենան, որից հետո... դա կարող է տևել մեկ տարի և ավել։ Դա չի նշանակում, որ նա դուրս է մնացել այս ծրագրից։ Երբ որ ֆիզիկապես ձեռքը պատրաստ կլինի ընդունելու այդ պրոթեզը, բնականաբար, նրանք նույն մոտեցմանը կարժանանան», - ասում է Նարեկ Մկրտչյանը։
Իշխանություններն առաջիկայում ծրագրում են նաև մեկ էկզոկմախք գնել, որի օգնությամբ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ձեռք բերած զինծառայողները կփորձեն տեղաշարժվել։ Տեղաշարժվելուն օգնող այս էկզոսկելետոնը մրցութային կարգով կտրամադրվի վերականգնողական կենտրոններից մեկին։ Նախարարի խոսքով, հետագայում կհաշվառեն, թե քանի զինծառայող ունի դրա կարիքը, ու ըստ այդմ կորոշվի հետագա անելիքները։ Մեկ էկզոսկելետոնի արժեքը՝ 100-120 հազար դոլար է։
Պարտադիր զինվորական ծառայությունից ամիսներ անց որպես կամավոր ռազմաճակատ մեկնած Էդմոնդն էլ է լսել դժգոհություններ, թե պրոթեզի կարիք ունեցողները դրանք ուշ են ստանում, բայց. - «Ճիշտ է, էդ ամեն ինչը ժամանակատար էր, որովհետև պետք ա բոլորինը վերցնեին, ու մարդիկ կային, որոնք բուժումները դեռ չէին ավարտել, մի քիչ երկար սպասեցինք։ Բայց կարևորը, որ ամեն ինչ եղավ նենց, ոնց որ պետք ա լիներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է