Ադրբեջանը սկսել է բնակելի շենքեր կառուցել Շուշիում

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ադրբեջանական հրթիռակոծությունից հետո։ Հոկտեմբեր, 2020

Ադրբեջանի իշխանությունները նախատեսում են Շուշիում 25 շենքից բաղկացած 6 նոր բնակելի թաղամաս կառուցել։ Նախագիծը շաբաթներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր ներկայացրել՝ բերդաքաղաք կատարած այցելության ժամանակ։

Օգոստոսի 29-ին մեկնարկել է առաջին թաղամասի շինարարությունը, որտեղ 3, 4 և 5 հարկանի շենքեր են կառուցվելու: Շատերն արդեն իրերն են հավաքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

66-ամյա Սևիլ Հյումբեթովան նոր սպիտակեղենի շուրջ 20 հավաքածու է պատրաստել Շուշիում հյուրեր ընդունելու համար. - «Նայիր, սրանք բոլորը հյուրերի համար են, մեկ տեգրս կգա, մեկ քույրս, մի անգամ էլ Բաքվից բարեկամս կգա: Բոլորի համար նոր անկողին կպատրաստեմ: Տեսնում ես ինչ մեծ փափագով եմ գնալու Շուշի»:

Իշխանությունների առաջարկած ծրագիրը, սակայն, շատերի սրտով չէ։ Հյումբեթովան, օրինակ, չի ուզում Շուշիում բնակարանում ապրել: Պատմում է, որ ժամանակին այնտեղ երկու սեփական տուն և երեք սենյականոց բնակարան է թողել՝ քաղաքի կենտրոնում էլ կես հեկտարանոց հողատարածք է մնացել: Համաձայն չէ, որ այդտեղ բազմաբնակարան շենք կառուցվի և ուրիշ ընտանիքներ ապրեն: Բակ ունեցող սեփական տանն է ուզում ապրել, թե չէ Շուշի տեղափոխվելու ոչ մի իմաստ չկա:

Շուշիի ապագա բնակիչներին մտահոգում է նաև աշխատանքի հարցը։ Մարդիկ չգիտեն ինչով են զբաղվելու, ինչպես են ապրելու նոր բնակավայրում:

Էհմեդովների 10 հոգանոց ընտանիքը 30 տարի է երեք սենյականոց նեղլիկ բնակարանում է ապրում՝ 82-ամյա կույր հոր հետ։ Ի տարբերություն Հյումբեթովների, Էհմեդովները դեմ չեն Շուշիում բնակարանում ապրել: Սևդայի միակ ցանկությունը այնտեղ աշխատանք գտնելն է: Ասում է՝ բազմանդամ ընտանիքի կեցության համար ամենաքիչը 2000 մանաթ՝ ավելի քան հազար դոլար է պետք, բայց դեռ ոչ ոք լրջորեն չի խոսել մարդկանց աշխատանքի տեղավորման հարցի շուրջ. - «Դեռ ոչ մի զարգացում չկա, որ անհանգստանանք: Միայն հեռախոսով ձևաթուղթ ենք լրացրել, թե ինչ ունեցվածք ենք թողել, ինչպես է փոխհատուցվելու: Աստված գիտի, ինչպես կլինի»:

Էթրաբե Մուրադովան Սևդայի 2004 թվականին մահացած եղբոր այրին է: Միակ որդին 6 տարեկան էր, երբ ամուսինը քաղցկեղից մահացավ: Որդին հիմա Օտար լեզուներ համալսարանում է սովորում, հուսով է, որ Շուշիում կարող է զբոսաշրջության ոլորտում աշխատել. - «Զբոսաշրջությունը կզարգանա, հյուրանոցներ կլինեն, օտարազգի հյուրեր կգան, պետք է նրանց ընդունենք, թեկուզ փոքր ներկայացուցչություն կբացվի միջազգային կապերի, տուրիզմի հետ կապված, Ֆիզուլիում միջազգային օդանավակայան կբացվի: Եթե պետությունը երիտասարդ կադրերին տեղ տա, աշխատանք կլինի»:

Մինչդեռ Էթրաբե Մուրադովան մտահոգ է: Ասում է՝ Շուշիի նման փոքր քաղաքում իր և որդու համար դժվար կլինի աշխատանք գտնել. - «Մեզ ամենաքիչը 800-1000 մանաթ աշխատավարձ է պետք: Ես միայնակ կին եմ, որդուս հետ միասին: Հոգ չէ, եթե նրա կրթության համար մի քիչ էլ նեղություն քաշենք»։

Նախագահ Իլհամ Ալիևը Շուշի կատարած այցի ժամանակ նշել էր, որ քաղաքի վերակառուցումը արագորեն առաջ է գնում, և շուտով նոր կառուցված օբյեկտները կհանձնվեն Շուշիի բնակիչներին: Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի մամլո ծառայությունից «Ազատությանը» հայտնել են, որ առաջարկ կա Ադրբեջանին անցած տարածքներում տնտեսական ակտիվության խթանման համար տնտեսական հատուկ պայմաններ սահմանել: Նշվել է, որ պետությունը այդ տարածքներում տնտեսության զարգացման համար բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի: Այսպիսով հնարավորություն կստեղծվի հարկադիր տեղահանվածների բարեկեցության ապահովման համար:

Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե Շուշիի նախկին բնակիչները կոնկրետ երբ են վերադառնալու այնտեղ: Իշխանությունները հստակ ժամկետներ դեռ չեն նշում։