Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիներն են քննարկել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը երեկ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։
Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ մանրամասն անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Մոտ տասն օր առաջ ադրբեջանցի զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում սկսեցին կանգնեցնել իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը, գումար պահանջել` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է: