Կառավարությունը չէր կանխատեսել, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո կարող էին խնդիրներ ծագել, ու այլընտրանքային ճանապարհներ չունեցող գյուղերը շրջափակման մեջ հայտնվեին, այսօր «Ազատության» եթերում խոստովանել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
«Չենք դանդաղել։ Բայց որ չենք կանխատեսել, գուցե դրանում որոշակի խնդիր կա»,- ասել է նա։
Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը շրջափակման մեջ էին հայտնվել օգոստոսի վերջին, երբ ադրբեջանցիները երկու օր փակել էին իրենց վերահսկողության տակ գտնվող ճանապարհը երկու հատվածով։ Եվ այս գյուղերի այլընտրանքային ճանապարհների հարցը կառավարության օրակարգում հայտնվել է միայն այդ դեպքից հետո։ Կառավարությունը նոր պետք է սկսի ճանապարհների կառուցումը։ Մինչդեռ Գորիս - Կապան մայրուղու 21- կիլոմետրանոց հատվածը ադրեբջանցիները վերահսկում են անցած տարվա դեկտեմբերից։
«Շուռնուխը Տաթև - Աղվանի ճանապարհին կապող ճանապարհի շինարարության ուղղությամբ հիմա էնտեղ շինարարական աշխատանքները եթե չեն մեկնարկել, պիտի մեկնարկեն։ Բայց համոզված եմ, որ արդեն մեկնարկել է։ Նոր ճանապարհ պիտի ունենանք դեպի Որոտան, և դեպի Բարձրավան։ Այս երկու ուղղություններով, նաև չնշված ձեր կողմից, դեպի Ճակատեն ճանապարհն է վերակառուցվում։ Այսինքն՝ էս ուղղություններով, որտեղ կան որոշակի խնդիրներ, այդ խնդիրները կան, ես չեմ կարող ասել, որ այդ ճանապարհները անցանելի են բոլոր տիպի մեքենաների համար», - նշել է Պապիկյանը։
Սյունիքի ճանապարհները կառավարության օրակարգում պետք է լինեին դեռ անցած տարվա դեկտեմբերից, ասում է Անի վերլուծական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանն ու եզրակացնում՝ անգամ պատերազմից ու աղետալի հետևանքներից հետո կառավարությունը շարունակում է սթափ չգնահատել Հայաստանին սպառնացող վտանգները. - «Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են քաղաքացի, քաղաքացի... ուղղակի էդ քաղաքացի բառից արդեն մարդ ալերգիա է ստանում։ Բայց որևէ քայլ չեն կատարել այս ժամանակահատվածում, որպեսզի նույն Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովեն հենց այդ խոցելի հատվածներում։ Ի՞նչ է տեղի ունենում։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական ոստիկանությունը մտնում է և «Արցախ» ֆուտբոլային ակումբի 15-16 տարեկան երեխաներին ահաբեկում ա ուղղակի... Էս ռիսկերը պետք էր գնահատել»։
Կառավարությունից վստահեցնում են, որ մինչեւ նոյեմբերի 30-ը նախատեսում են ավարտել ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող Գորիս - Կապան մայուղու այլընտրանքային Տաթև - Կապան ճանապարհի հիմնանորոգումը։ Այստեղ էլ աշխատանքների տեմպը արագացել է վերջին դեպքերից հետո, երբ ադրբեջանցիները խնդիրներ ստեղծեցին իրանական բեռնատարների համար՝ նրանցից պահանջելով երթևեկության հարկ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր պատգամավորի համար անհասկանալի է, թե իշխանությունն ինչ հիմքով է հայտարարում, որ Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական էՃանապարհային դեպարտամենտի ծրագրերի ղեկավար Վահագն Ստեփանյանն ասաց, թե հնարավոր է նախատեսված ժամկետից էլ շուտ ավարտեն հիմնանորոգման աշխատանքները. - «Մեկնարկել ենք մայիս ամսից։ Ինչքան որ եղանակը հնարավորություն է տվել, մենք այդ ընթացքում այդտեղ հիմնանորոգման աշխատանքներ իրականացրել ենք։ Ներկայումս նույնպես ընթանում են աշխատանքները։ Մեր ծրագրի ժամկետի ավարտը սահմանված է նոյեմբերի 30-ին, բայց մեծ ուժերի մոբիլիզացիայի արդյունքում, կարծում եմ, որ մենք մի փոքր ավելի վաղ կունենանք այդ հիմնանորոգման աշխատանքները, որը ամբողջովին կամփոփի մեր հանրապետական նշանակության Հ46 ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները»։
Անդրադառնալով քննադատությանը, թե ինչու ավելի վաղ չեն սկսկել աշխատանքները, Վահագն Ստեփանյանն ասաց, թե մայիսից շուտ տեխնիկապես հնարավոր չէր։ Ասաց նաև, որ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի դեպքում եղանակային պայմաններն էական չեն, հողային աշխատանքներ են կատարվելու։
Եվ չնայած դրան, այս գյուղերի հարցը անցած տարվանից մինչև վերջերս կառավարության օրակարգում չի եղել. - «Մենք մեր պլաններում չունեինք նմանատիպ աշխատանքներ իրականացնել, բայց ստեղծված իրավիճակից ելնելով, որոշում է կայացվել, որպեսզի ունենանք շրջանցիկ ճանապարհներ դեպի վերոնշյալ բնակավայրեր՝ Շուռնուխ, Բարձրավան, Որոտան և Ճակատեն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս - Կապան մայրուղու ադրբեջանցիների կողմից վերահսկվող հատվածով հայկական մեքենաներն անցնում են մեր սահմանապահների ուղեկցությամբԹաթուլ Հակոբյանի խոսքով, Տաթև - Կապան ճանապարհը այլընտրանք է եղել արցախյան պատերազմի օրերին, բայց ճանապարհի կառուցումը առաջնահերություն չի եղել ժամանակի իշխանության համար, քանի որ Կուբաթլուն հայկական ուժերի վերահսկողության տակ է եղել ու Գորիս -Կապան մայրուղում խնդիրներ չեն ծագել մինչև 2020 թվականը. - «Այդ ճանապարհով անցնում են ընտանիքներ, այդ ճանապարհով անցնում են մարդիկ, և ժամ առաջ պետք է էդ ճանապարհների հարցը լուծել։ 93 թվականին մենք ոնց լուծեցինք. մենք կարողացանք վերահսկողության տակ առնել։ 2020-ին մենք կորցրեցինք։ Այսինքն՝ էն ժամանակ մեկ լուծում տրվեց, հիմա պետք է այլ լուծում տրվի։ Կա ռեալ կյանք, և պետք է էդ հարցերին լուծումներ տրվեն ժամ առաջ»։