Արձանագրվում է COVID-19-ի ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի ավելացում. Անահիտ Ավանեսյան

Արձանագրվում է կորոնավիրուսիային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի ավելացում, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում:

«Ունենք 25 երեխայի և շուրջ 30 հղի կանանց հոսպիտալացման դեպքեր, նրանց վիճակը գտնվում է մշտական խիստ հսկողության ներքո: Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 169 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 68 քաղաքացի», - տեղեկացրել է Ավանեսյանը:

Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 377 հազարից ավելի է, երեկ իրականացվել է ավելի քան 9900 պատվաստում։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել ԱՆ կողմից հաստատված՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը, այսօրվա դրությամբ, աճել է 939-ով՝ 255 հազար 648-ի, բուժվածներինը՝ 592-ով և հասել 237 հազար 855-ի: Գրանցվել է մահվան ևս 19 դեպք՝ հասնելով 5 հազար 200-ի: