Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցնում հայկական կողմի հասցեին, կոչ անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։
ՎՈւԱՄ դաշինքի անդամ պետությունների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է․ - «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի [Հայաստանը] հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից և փոխարենը օգտվի կայուն խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:
«Եռակողմ հայտարարությունների ամբողջությամբ իրականացումը չունի այլընտրանք, և Բաքուն, Երևանն ու Մոսկվան արդեն աշխատանքներ են սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար կոնկրետ ուղղություններով», - նաև ասել է Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերագործարկումը «նշանակալիորեն կարագացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտուրն ու տրանսպորտային փոխադրումները, ինչը շահույթ կապահովի թե՛ այդ երկրների, թե՛ նրանց գործընկերների համար՝ դառնալով կարևոր գործոն, և դրական դեր կխաղա տարածաշրջանում կայունության և խաղաղության պայմանների ստեղծման համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունըԻ դեպ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից անկատար են շարունակում մնալ գերիների վերադարձի և հաղորդակցության ուղիների բացման դրույթները։ Բաքուն պնդում է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող տասնյակ հայազգի քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ», հայկական կողմն էլ հաղորդակցությունների ուղիների բացման մասին խոսելի պնդում է, թե միջանցքի հարց չի քննարկվում, կա ապաշրջափակման հարց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերը վերսկսել են աշխատանքային հանդիպումներըՀայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխվարչապետերի մակարդակով այս հունվարից գործում է աշխատանքային խումբ, որի նպատակը հաղորդակցական ուղիների վերագործարկումն է։ Աշխատանքային խմբի հանդիպումները մոտ երեք ամիս է դադարեցված էին, ինչ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, դիրքավորվեց և մինչ օրս հրաժարվում է հեռանալ։ Նախորդ ամիսներին պաշտոնական Երևանն ամենաբարձր մակարդակով հայտարարել էր, թե բանակցությունները կվերսկսվեն, եթե ադրբեջանական զինուժը դուրս գա Հայաստանի տարածքից և վերադարձվեն հայաստանցի գերիները․ Թեև ադրբեջանցի զինծառայողներն առայսօր Հայաստանում են, տասնյակ հայ ռազմագերիներ էլ՝ ադրբեջանական բանտերում, այդուհանդերձ, հայկական կողմը որոշել է կրկին միանալ եռակողմ ձևաչափով քննարկումներին։