Դասական երաժշտություն կհնչի Երերույքի տաճարում և Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակներում գալիք շաբաթավերջին՝ սեպտեմբերի 25-ին և 26-ին դասական երաժշտության երկու բացառիկ համերգ է կազմակերպում, որոնցից առաջինը կկայանա Երերույքի եզակի տաճարում՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրի ներքո:

Հեթանոսական մեհյանի տեղում 4-5-րդ դարերում կառուցված վաղ միջնադարյան Երերույքի բացառիկ տաճարում այդ օրը կհնչեն Բեթհովենի, Բրուքների, Լիստի, Կոմիտասի, Միրզոյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (հիմնադիր խմբավար Սոնա Հովհաննիսյան) և անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Ճարտարապետական յուրահատուկ լուծման շնորհիվ երերացող թվացող և հենց այդ իսկ պատճառով Երերույք կոչվող Անիի նարնջագույն տուֆից կառուցված այս վաղ միջնադարյան պատմամշակութային հուշարձանը, ցավոք, այսօր կիսավեր վիճակում է, և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը այս բացառիկ համերգով ցանկանում է մեկ անգամ ևս հանրության և պետական մարմինների ուշադրությունը հրավիրել դեպի այս բացառիկ կոթողը:

Ի դեպ, մասնագետների կարծիքով, Երերույքի տաճարը վաղ միջնադարից հայտնի ամենամեծ կառույցն է:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի նախաձեռնությամբ հաջորդ համերգը սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, կկայանա մեկ այլ հայկական միջնադարյան հոգևոր նշանավոր կառույցում՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Պետական կամերային երգչախումբն այդ օրը կկատարի միմիայն կոմիտասյան ստեղծագործություններ: Համերգը կղեկավարի պետական կամերային երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման արժանացած Ռոբերտ Մլքեյանը:

«Ազատության» հետ զրույցում Մլքեյանը նշեց, որ օրերս երգչախումբը Սաղմոսավանքում արդեն իսկ հանդես է եկել Կոմիտասին նվիրված համերգով, բայց վճռել էին նաև անպայման հենց Կոմիտասի ծննդյան օրը համերգով հանդես գալ՝ այս անգամ արդեն Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում և իրենց հարգանքի տուրքը մատուցել մեծն Կոմիտաս Վարդապետի հիշատակին. - «Հրաշալի համերգ եղավ Սաղմոսավանքում՝ Կոմիտասին նվիրված, հոգևոր և աշխարհիկ։ Ամեն մի առիթ որ ունենանք, անմիջապես ձեռնարկելու ենք էդ բանը։ Եկեղեցիներում, որտեղ կա հնարավորություն երգելու, որ ֆիզիկապես հնարավոր է... ասենք, կարող ա տեղ լինի, որ Ադրբեջանի սահմանին կպած լինի կամ բան, մենք չկարողանանք էնտեղ թույլատվություն ստանանք։ Դա մշտական ցանկություն է իմ մոտ։ Դրան գումարած, մենք հսկայածավալ գործեր ունենք անելու։ Կուզեմ, որ մի օր նախարարության հետ նստենք և դա դառնա պետական ծրագիր և հովանավորվի, իսկապես նվիրենք դրան ամառվա երեք-չորս ամիսը, գարուն, աշնան սկիզբ, պտույտ անենք, եկեղեցիների պատերը սրբացնենք Կոմիտասի երաժշտության ներքո։ Հետո դա կդառնա առիթ, որ հետագայում էդ եկեղեցիները գործող դառնան»։