Ղարաբաղյան հակամարտության թեման Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի մասնակիցների հանդիպումների օրակարգում է։ Հայաստանից նստաշրջանին մասնակցում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա հանդիպումների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, հայտնի է միայն, որ նախատեսված է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների պաշտոնյաները ղարաբաղյան հարցը քննարկել են Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնյաների հետ։
Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խնդրին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում։ Ինչպես փոխանցել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, «երկու պաշտոնյաները համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»։
«Պետքարտուղարը հստակ հասկացնել է տվել Թուրքիային, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգտակար լինել», - ասվում է Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։
Նուլանդն ու Բայրամովը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման ընթացքը
Հակամարտության թեման անցած գիշեր էլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն է քննարկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում քննարկում են Հայաստանի և Թուրքիայի միջև Վրաստանի հնարավոր միջնորդությունը«Անհամբեր սպասում ենք առաջընթացի, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմների միջոցով՝ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը նպաստելու, գերիների ազատ արձակման, ականազերծման և քաղաքական հաշտեցման համար», - Բայրամովի հետ քննարկումից հետո Թվիթերում գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը։
Ադրբեջանական կողմն իր հերթին հանդիպման մասին նշում է, որ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ անցած նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
«Ադրբեջանը կառուցողական քայլերի է դիմում այդ ուղղությամբ, սակայն հայկական կողմից պատասխան քայլեր չկան», - դիմելով Նուլանդին` հայտարարել է Բայրամովը։
44-օրյա պատերազմից հետո Բաքվի և Երեւանի կողմից ստորագրված համաձայնագրի կազմմանը որևէ կերպ չմասնակցած Վաշինգտոնը անցած նոյեմբերից ի վեր խոսում է հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու մասին, ինչին Բաքուն ընդդիմանում է։
Ամերիկացի պաշտոնյաներն այս օրերին հայ և ադրբեջանցի գործընկերներին միևնույն առաջարկն են անում
Ամերիկյան պետքարտուղարության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` ամերիկացի պաշտոնյան լրագրողներին հայտնել է, թե ամերիկացի պաշտոնյաներն այս օրերին հայ և ադրբեջանցի գործընկերներին միևնույն առաջարկն են անում, սակայն թե ինչ առաջարկի մասին է խոսքը, չի հստակեցվում։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն մասնակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ականազերծման մի քանի քարտեզների, ինչպես նաև հայ գերիների փոխանակումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանային նոր հնարավորություններ են ստեղծվել, որոնց կիրառումը, սակայն, դեռ փաստ չէ. Փաշինյան«Այժմ հարց է ծագում՝ արդյոք հնարավո՞ր է Միացյալ Նահանգների, Մինսկի խմբի մյուս երկրների ու Թուրքիայի աջակցությամբ ավելին անել` նպաստելու երկու երկրների միջև լարվածության թուլացմանը ինչպես սահմանին, այնպես էլ ձերբակալվածների, ականների հարցում, ինչը թույլ կտա շարունակել խաղաղության և հաշտեցման ճանապարհը»,- ասել է ամերիկյան պետքարտուղարության պաշտոնյան։
Հայ-ադրբեջանական թեման նաև Էրդողան - Ղարիբաշվիլի հանդիպման օրակարգում էր
Նյու Յորքում նախօրեին հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Վրաստանի վարչապետը։ Ըստ պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրության` Ռեջեփ Էրդողանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին։ «Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը հարևանների միջև համագործակցության լավ հիմք է հանդիսանում», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
«Վրաստանի կարևորագույն խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է։ Մեր երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթները կատարել՝ հանուն կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման», - Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետը, ով, ի դեպ, անցած շաբաթ անձամբ էր փոխանցել հայաստանցի պաշտոնակցի՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը։