Ռաիսի․ «Իրանը կողմ է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը»

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՄԱԿ-ի 76-րդ վեհաժողովի անդամներին հղված տեսաուղերձում հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ հունիս ամսին ընդհատված բանակցությունները։ Ռաիսին մեկ անգամ ևս պնդել է, որ իսլամական հանրապետությունը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։

«Իսլամական հանրապետության ռազմավարական քաղաքականության հիմքում այն ըմբռնումն է, որ միջուկային զենքի ստեղծումն ու դրա կուտակումը արգելված են։ Դա բխում է նաև Իրանի հոգևոր առաջնորդի հատուկ հրամանագրից։ Մեր պաշտպանական հայեցակարգում և զսպման քաղաքականության մեջ միջուկային զենքը տեղ չունի», - հայտարարում էր Իրանի նախագահը` շարունակելով.

«Մենք օգտակար ենք համարում այն բանակցությունները, որոնք կհանգեցնեն Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների վերացմանը։ Վճռականորեն պաշտպանելով մեր ժողովդրի իրավունքները` Իրանը ձգտում է աշխարհի հետ լայնածավալ քաղաքական և տնտեսական մերձեցման։ Ես աշխարհի բոլոր երկրների, նախ և առաջ մեր հարևանների հետ արդյունավետ համագործակցության եմ ձգտում»: