Էրդողան. Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին

Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին և չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:

Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ մերժել էր ճանաչել Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները: Դրանց արդյունքները իրավաբանական ուժ չունեն Անկարայի համար, քանի որ Թուրքիան անօրինական է համարում Ուկրաինայի թերակղզու միացումը Ռուսաստանին, ընդգծել են նախարարությունում:

Կրեմլն անընդունելի է անվանել ընտրությունները չճանաչելու Թուրքիայի որոշումը, իսկ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է համապատասխան եզրակացություններ անել: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը Ղրիմի ճանաչման հարցում:

Ավելի վաղ Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ Թուրքիան չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին: