«Չէ, չեմ վախենում, ոնց բոլորը, այնպես էլ ես». կյանքը՝ Շուռնուխում

Շուռնուխի միջնակարգ դպրոցում գործագործի մի ոչ մեծ թիմի չափ երեխա է սովորում: Առաջին դասարանում միայն մեկ հոգի է, ու որպեսզի Ավետը միայնակ չզգա, դասարանը կիսում է երկրորդցի Նարեկի հետ:


Դասվարը Կապանից է Շուռնուխ գալիս դասավանդելու: Անվտանգության հարցերն, ասում է, ամենակարևորն են, տառերից էլ առաջ սովորեցրել է՝ եթե գնդակը Շուռնուխի վերևի թաղից գլորվի ու ընկնի ներքևի թաղ՝ չդիմել որևէ գործողության:

Դպրոցի միջանցքում Գուսան Աշոտի 114- ամյակը նշանավորող պլակատի կողքին «ճանաչենք ականները» թեմայով մի ողջ պատկերաշար է՝ սովորեցնում է զգույշ լինել տարբեր չափերի պայթող սարքերից: Շուռնուխը այս պատերազմից հետո սահմանի գյուղ դարձավ, սահմանն էլ անցնում է Գորիս-Կապան միջպետական մայրուղով՝ մայրուղու տակ՝ գյուղի ներքևի թաղը՝ 12 տուն անցավ Ադրբեջանին:

«Ե՛վ Մ2 ճանապարհը, և՛ դրանից 5 մետր էլ վերև եղբայրական Արբեջանինն է», - ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը:

Ադրբեջանական դարձած թաղի բնակիչները հիմա կամ Շուռնուխում դատարկ տներ են գտել ու սպասում են, կամ Գորիսում տուն են վարձակալել, կամ էլ տնակում են սպասում, ինչպես Արմեն Հարությունյանը: Նրա նախկին տան գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում:

«Դարձել եմ Աթանեսը՝ Արաքսի էս ափից էն ափն եմ նայում», - ասաց Հարությունյանը:​

Արմեն Հարությունյանին իր արդեն նախկին տնից ընդամենը 7-8 մետր է բաժանում: «Երեխաներս այդ տանն են ծնվել, պատերազմից առաջ էլ նորոգել էի», - չի խաղաղվում Հարությունյանը, - «5 միլիոն վարկ վերցրի, տունս ռեմոնտ արեցի»:

Հարությունյանների 8 հոգանոց ընտանիքի ու նրանց 11 բախտակից ընտանիքների համար հիմա Շուռնուխում առանձնատներ են կառուցվում:

Պետբյուջեի ֆինանսավորմամբ նոր թաղամաս է լինելու, խոստացել էին մինչև տարեվերջ ավարտել շինաշխատանքները, բայց շինարարների խոսքով՝ տները այս տարի կավարտեն, իսկ ներքին աշխատանքները, բարեկարգումը կմնա հաջորդ տարվան: Ապագա տանտերերն անհամբեր են:

Միայն տները չեն, ամեն առանձնատուն իր հողամասը կունենա, վերջնամասում գոմեր են կառուցվելու: Շուռնուխում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, երբ ադրբեջանցիները մայրուղու տակ հաստատվեցին, գյուղի բնակիչները ստիպված էին վաճառել անասունները, ասում է համայնքապետը:

«Մի մասն անցավ Ադրբեջանիցիների կողմը, չտվեցին, մնացածներն էլ իրենց անասունները հիմնականում վաճառեցին էժան գներով, որովհետև անհնարին էր, անասունը սովոր էր այդ արտոտին», - ասաց Արշակյանը:​

Արմեն Հարությունյանն էլ փակուղու առջև է, էլ կով չի պահում, որովհետև դրանք բոլորը գնում էին իր հին տուն: Հույսը Շուռնուխի նոր թաղն է, որին, հավանաբար, կսովորեն իր հետո ձեռքբերելիք անասունները: Գյուղը նաև ճանապարհի կարիք ունի, որով կարող են հասնել արոտավայրեր, նաև անվտանգ, թիկունքային այլընտրանք կարող է դառնալ Գորիս-Կապան մայրուղուն, երբ այն փակվել էր, Շուռնուխը շրջափակման մեջ էր հայտնվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները շարունակում են փակ մնալ, բանակցություններն այսօր կշարունակվեն․ փոխմարզպետ

«Ի սկզբանե այդ ճանապարհը մեզ պետք էր անասունների տեղափոխման համար, մեր արոտները ընկնում են այդ հատվածում, որ անասունները պահենք ու դրան գումարվեց նաև այս այլընտրանքային ճանապարհի հետ կապված, որ եթե ճանապարհները փակեն, գոնե երեխաների, կանանց կարելի է այստեղից հանել, սնունդ բերել», - նշեց համայնքապետը:​

Տաթևին միացող անտառային արահետ ունի Շուռնուխը, համայնքապետն ակնկալում է, որ հենց դա կդառնա լիարժեք երթևեկելի ճանապարհ: Ադրբեջանցիները Շուռնուխի ներքևի թաղում հաստատվեցին 10 ամսի առաջ: Հակոբ Արշակյանը շեշտում է՝ մինչև այժմ գյուղում որևէ միջադեպ չի գրանցվել. «Շատ հանգիստ սսկված են իրենց տեղում, ոչ մի միջադեպ մեր հատվածում չի եղել»:​

Ֆլորա Ղազարանը մեն-մենակ է ապրում, երեխաներ, ծոռներ, թոռներ ունի՝ բոլորն ապրում են Շուռնուխից հեռու, ամուսինը 70-ականներն է մահացել: Տիկին Ֆլորան ասում է՝ ամուսնության ևս երկու թեթև փորձ է կատարել, համոզվել՝ որ իր հույսն ինքն է: Միայնակ կինը զարմանում է, երբ հարցում ենք՝ տագնապո՞ւմ է մի քանի մետր ներքևում գտնվող ադրբեջանցիներից: «Չէ, չեմ վախենում, ոնց բոլորը, ես էլ այնպես», - պատասխանում է նա:​

Այս տարի լոբու և ճակնդեղի լավ բերք է ստացել, տիկին Ֆլորան թեման փոխում է, այդ բերքից ուզում է Կապան՝ հարազատներին հասցնել: Ցանեց օծանելիքն ու ճանապարհվեց՝ երկու շքեղ կատուների հայացքի ներքո: Կապան էր գնալու տեղ -տեղ ադրբեջանական դարձած մայրուղով: