Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու կառավարության հրավերը, սակայն չի մասնակցի դրան։ Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցած խոսնակ Արման Մուսինյանը հրաժարվեց խոսել առաջին նախագահի որոշման պատճառներից։
«Ազատությանը» երկու օր շարունակ չի հաջողվել նույն հարցով տեղեկություն ստանալ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից։
Կառավարությունից փորձեցինք պարզել՝ արդյոք Հայաստանի նախկին նախագահներին հրավերներ ուղարկե՞լ են, հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ։
Այսօրվա Հանրապետության հրապարակում սպասվող միջոցառմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին։ Ե՛վ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ»-ը, և՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» խմբակցությունը չեն մասնակցի միջոցառմանը։
«Չեմ կարծում, որ մենք կարող ենք գնալ այս միջոցառմանը, որովհետև այսպես գունագեղ միջոցառում կազմակերպելը, առավել ևս, որ մենք այդ սցենարին տեղյակ չենք, մենք հրաժարվել ենք մասնակցել», - ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:
Արդյոք սեպտեմբերի 21-ը առիթ չէ՞ր, որ բոլոր նախկին և ներկա ղեկավարները, անկախ իրենց քաղաքական կոշտ տարաձայնություններից, մասնակցեին միջոցառմանը։ «Ազատությունը» հարց ուղղեց Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանին:
«Ոչ, որովհետև այդ առիթը, որ լավագույն արդյունք կարող էր տալ, Տեր-Պետրոսյանի առաջարկով մերժվեց, երբ որ Տեր-Պետրոսյանին լսեին, կլիներ խաղաղություն, գերիներ չէին լինի, սահմաններն այսքան մոտ էին լինի, Գորիս-Կապանն այսպես չէր լինի, և Նիկոլ Փաշինյանը կգնար խելոք քայլերին ընդառաջ, միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին ընդառաջ և չէինք ունենա այս ողբերգությունը: Իհարկե, երկար պատմություն է, եթե այդ մեկը լսեր ուրիշ կլիներ, եթե նախկինը լսեր ուրիշ կլիներ, եթե 18 թվականի ամռանը, որ հանդիպեց Տեր-Պետրոսյանին, այն ժամանակ լսեր, ավելի քիչ կլինեին զոհերը: Ես կարող եմ երկար ասել, թե Նիկոլ Փաշինյանի չլսելու արդյունքում ինչքան կորուստներ ենք ունեցել», - պատասխանեց Մանուկյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին և Սարգսյանին առաջարկել է՝ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք»-ով
Նախքան Ազգային ժողովի ընտրությունները, առաջին նախագահը մեկ անգամ չէ, որ խոսել էր նախկին նախագահների հետ դաշինք կազմելու մասին։ Նա հիմնավորում էր, որ այդպես հնարավոր կլինի թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը։
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ուղերձներ են հղել՝ անկախության օրվա առթիվ
Անկախության օրվա առթիվ այսօր նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են ուղերձներ հղել, որոնցում կրկին քննադատել են գործող իշխանություններին, երկուսն էլ խոսել են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու մասին։
«Ընդամենը մեկ տարի առաջ մենք հպարտանում էինք մեր զինված ուժերով և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության էական գործոն էինք»,- գրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, - «Սակայն այսօր մենք ոչ միայն դադարել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, այլ նաև ի վիճակի չենք պաշտպանել սեփական ինքնիշխանությունը և մեր քաղաքացիներին»։
Սերժ Սարգսյանն էլ գրել է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման արդյունքում: Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու»: