Անկախ Հայաստանը 30 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
Երկրում այսօր պաշտոնական միջոցառումներ են նախատեսված։
Առավոտյան բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Կեսօրին նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է։ Ժամը 14-ից երկրի ուժային կառույցների ստորաբաժանումները քայլերթեր կիրականացնեն մայրաքաղաքի փողոցներում։
Ժամը 20-ին Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումն է լինելու։
Հայաստանի Հանրապետության 30-ամյակը «լրանում է բարդ ու ճգնաժամային իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ ու մարտահրավերներ», - ասված է Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։ - «Լրանում է աղետաբեր պատերազմի տարելիցի նախօրյակին, հազարավոր երիտասարդների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների անորոշ ճակատագրերի, մեր հոգու և մարմնի չսպիացող վերքերի, ընդհատված երազանքների պայմաններում»։
«Մեր հայրենիքի կարևորագույն խնդիրը մնում է և դեռ երկար ժամանակ լինելու է ազգային անվտանգությունը։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել մեր անվտանգության համակարգն ամրապնդելու համար: Առանց ուժեղ անվտանգության համակարգի չի կարող լինել ոչ զարգացում, ոչ էլ առաջընթաց: Պետք է ավելի շատ ջանքեր ուղղենք մեր Հայրենիքի՝ Հայաստան ու Արցախի ապագային միտված զարգացմանը», - Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում ընդգծել է Սարգսյանը, հավելելով. - «Անհրաժեշտ է միասնություն՝ Հայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն»:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն իր ուղերձում մասնավորապես գրել է. - «Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում։ Մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև՝ վճռականությունը վերստին ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները և ապահովելու պայմաններ, որ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում ապրի անվտանգ ու բարօր»։
«Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։
Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի ուղերձում։