Պաշտոնական Փարիզը հայտարարել է, որ խորհրդատվությունների նպատակով հետ է կանչում իր դեսպաններին Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից։
Անցած հինգշաբթի ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ավստրալիան հայտարարեցին անվտանգության եռակողմ նոր դաշինք ստեղծելու մասին։ Ավստրալիան անմիջապես հայտնեց, թե չեղարկում է Ֆրանսիայի հետ ավելի քան 40 միլիարդ դոլարի գործարքը՝ նախապատվությունը տալով Միացյալ Նահանգներին։
Ավստրալիան 8 սուզանավ էր պատվիրել ֆրանսիական Naval Group ընկերությանը, բայց գործարքից հրաժարվում է՝ որոշելով սուզանավերը կառուցել ամերիկյան ու բրիտանական տեխնոլոգիաներով։
Ավստրալիայի այդ քայլը Փարիզը գնահատել է դաշույնի հարված թիկունքից։ Վաշինգտոնից և Կանբերայից դեսպաններին հետ կանչելը համարվում է դիվանագիտական աննախադեպ ճգնաժամ։
ԱՄՆ-ը և Ավստրալիան ափսոսանք են հայտնել դեսպաններին հետ կանչելու Ֆրանսիայի որոշման կապակցությամբ՝ ասելով, թե առաջիկա օրերին կաշխատեն լուծել տարաձայնությունը։
ԱՄՆ-Բրիտանիա-Ավստրալիա անվտանգային նոր եռակողմ դաշինքի ստեղծումը նպատակ է հետապնդում հակազդել Չինաստանի աճող ազդեցությանը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան ավազանում։