Հայաստանի նախագահը որպես գլխավոր բանախոս է հանդես եկել Շամոնիում Մտքերի գագաթնաժողովի բացմանը

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։

Գագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ներկա և նախկին պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովի երկու օրերի քննարկումների գլխավոր թեմաներն են առանցքային մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա։

Թեմատիկ քննարկումերի ընթացքում բանախոսներն ու մասնակիցները ներկայացնում են իրենց փորձառությունը, մտքերն ու գաղափարները ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու խնդիրների, այդ համատեքստում՝ համարձակության ու խիզախության մասին՝ իրենց տարբեր դրսևորումներով:

Հաջորդ ամիս՝ հոկտեմբերի 23-24-ը, Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը: Նախագահ Սարգսյանը Շամոնիի քննարկումների մասնակիցներին հրավիրել է հայաստանյան այդ բացառիկ միջոցառմանը, որն այսօր հայկական ինքնատիպ բրենդ է դարձել: Գագաթնաժողովը յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման համար, նշված է պաշտոնական հաղորդագրությունում։