«Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կա և գոյություն ունի». Սաղաթելյանը՝ պարգևավճարների մասին

«Բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կա և գոյություն ունի», - «Ազատության» «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ անդրադառնալով պարգևավճարներին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Պատգամավորներն ու Ազգային ժողովի աշխատակիցները խորհրդարանի նախագահի որոշմամբ անկախության 30-ամյակի առթիվ պարգևավճարներն են ստացել։ Օրենսդիրների հաշվեհամարներին այսօր շուրջ 400 հազար դրամ է փոխանցվել:

Սաղաթելյանն ընդգծելով, դա իրենց համար անընդունելի է. «Մենք դա ուղղելու ենք սահմանամերձ գյուղեում սոցիալական ծրագրերի, և առհասարակ բողոքարկելու ենք այդ մեխանիզմը, որ կա և գոյություն ունի»:

«Այնպես չէ, որ մեր ֆրակցիան հարուստների ֆրակցիա է, և այդ գումարի կարիքը բոլորը չունեն: Այո, կան պատգամավորներ, որ չունեն դրա կարիքը, բայց ճնշող մեծամասնությունը ունի: Ես չունեմ այդ գումարի կարիքը, բայց իմ գործընկերները ունեն, բայց նաև իրենք քաջ գիտակցում են, որ կան Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես շատ ծանր, իրենց մինիմալ սպառողական զանգվածը ապահովել չկարողացող քաղաքացիներ», - ընդգծեց Սաղաթելյանը:

Հարցին՝ գործուղումները իրենց գրպանի՞ց են անելու, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց, որ միջպետական գործուղումները մեծ ծախսերի հետ են կապված և չեն կարող. «Բայց Հայաստանի տարածքում, այո, փորձելու ենք մեր հնարավորություններով այդ խնդիրները կարգավորել»:

Օգտատերերից մեկի հարցին էլ, թե ո՞րն է ընդդիմության հիմնական նպատակը Ազգային Ժողովում, Սաղաթելյանը պատասխանեց. «Էս օրերին մեզ շատ են քննադատում մանդատները վերցնելու, խորհրդարանում հայտնվելու համար, որովհետև ՀՀ շատ քաղաքացիներ մեզ քվեարկել են այս իշխանությանը հեռացնելու և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, այս պահին քաղաքացիների այդ պահանջը կատարված չէ և կա քննադատություն: Մի մասը մեզնից ակնկալում է օրենսդրական աշխատանք, մի մասը ակնկալում է ավելի բուռն և արմատական պայքար այս իշխանության դեմ: Մենք գտնում ենք՝ քանի այս իշխանությունները կան և գոյություն ունեն, մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերները չեն լուծվելու և դրանք գնալով ավելի են խորանալու:

Այս իրավիճակում, երբ թշնամին Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն ոստիկանական անցակետ է տեղադրում, գնալ գլուխներս կախ զբաղվել օրենսդրական աշխատանքով, դա կլինի անհասկանալի, անընդունելի և մենք այդ ճանապարհով առնվազն այս թուլում չենք գնալու»:

Նա հավելեց, որ իհարկե, հանդես գալու են օրենսդրական նախաձեռնություններով, բայց դրան զուգահեռ կան երկրին սպառնացող սպառնալիքներ, և այս ուղղությամբ, ըստ Սաղաթելյանի, իրենց անելիքն ավելի մեծ է:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.