Ֆրանսիական պատվիրակության՝ Ստեփանակերտ կատարած այցը դժգոհություններ է առաջացրել Բաքվում

Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում, արխիվ

Ինչո՞ւ են ռուսաստանցի խաղաղապահները երրորդ երկրների քաղաքացիներին թույլատրում մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք առանց Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական համաձայնության։ Արդեն երկրորդ օրը Բաքվում հնչող այս հարցի դրդապատճառը ֆրանսիական պատվիրակության ժամանումն էր Ստեփանակերտ։

Ֆրանսիացիները Լեռնային Ղարաբաղ էին մեկնել շաբաթասկզբին՝ այստեղ հիմնադրված Պոլ Էլյուարի անվան Ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու համար։ Պատվիրակությունը ղեկավարում էր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։ Նրան այդ այցի ընթացքում ուղեկցում էին Փարիզի հարևանությամբ գտնվող Արնուվիլի քաղաքապետը, մեկ այլ ֆրանսիական քաղաքի՝ Սարսելի վարչակազմի ներկայացուցիչը, ինչպես նաև Փարիզում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության ղեկավարը։ Բացի այդ, Էլյուարի անվան կենտրոնի բացմանը մասնակցելու համար Ստեփանակերտ էին ժամանել Ֆրանսիական խորհրդարանի նախկին անդամներ Ռընե Ռուքեն և Ֆրանսուա Ռոշբլուանը։

Twitter-ի իր օգտահաշվում Ֆրանսուա Պուպոնին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտ ժամանած ֆրանսիական պատվիրակության անդամներին ընդունել էր Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մեկ այլ գրառմամբ էլ Պուպոնին հիշեցրել էր, որ Ստեփանակերտում Ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացման նախաձեռնողը Սարսել քաղաքն էր, որն ինքը ղեկավարել է շուրջ երկու տասնամյակ՝ 1997-ից 2017 թվականներին։

«Այս կենտրոնը հիմնադրվեց Սարսելի նախաձեռնությամբ, երբ ես քաղաքապետ էի։ Դա ինձ համար հպարտության մեծ աղբյուր է։ Կենտրոնի բացման արարողությունը վկայում է Արցախի Հանրապետության և դրա ֆրանսիացի բարեկամների հաստատակամության մասին՝ արցախցիներին այնպիսի ապագա ապահովել, որին նրանք արժանի են», - գրել էր ֆրանսիացի պատգամավորը։

Բնական է, որ ֆրանսիական պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ Բաքվում աննկատ անցնել չէր կարող։ Ֆրանսիացիների այցի մասին տեղեկությունների հրապարակման հաջորդ օրն արդեն Ադրբեջանի ԱԳՆ հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ քննադատության սլաքներ ուղղելով թե՛ ֆրանսիացիներին և թե՛ ռուսներին։

«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պուպոնիի այցը ժամանակավորապես ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող շրջաններ անօրինական է», - նախօրեին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան՝ ընդգծելով, թե նման այցելությունները «խաթարում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»։

Աբդուլաևան նաև նշել էր, թե «սա առաջին անգամ չէ, որ Պուպոնին անօրինականորեն այցելում է Ադրբեջանին պատկանող տարածքներ։ Նա հայտնի է իր կատաղի հակաադրբեջանական մոտեցումներով, և նրա անունը ընդգրկված է օտարերկրյա այն քաղաքացիների ցանկում, որոնց մուտքը երկրի տարածք արգելված է»։

ԱԳՆ խոսնակի այս հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց էլ խնդրին հարկ համարեց անդրադառնալ նրա անմիջական վերադասը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության ղեկավար Ֆրեդերիկ Մոնդոլինիի հետ երեկ Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, ըստ «Թուրան» գործակալության, «նրա ուշադրությունն է հրավիրել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների այցի անօրինական բնույթի վրա՝ ընդգծելով, որ նման քայլերը խաթարում են հետպատերազմական շրջանում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»։

Ադրբեջանից հնչող դժգոհությունները պատահական չեն։ Նման այցելությունները ամեն անգամ ընդգծում են այն իրողությունը, որ չնայած հակամարտության ավարտի մասին հնչող հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի մի զգալի մասը շարունակում է անվերահսկելի մնալ Բաքվի համար։ Այս հարցում ադրբեջանական կողմը հակված է քննադատել նախևառաջ ռուսաստանցի խաղաղապահներին։

Դեռ ամիսներ առաջ՝ փետրվարին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք պայմանավորվել ենք ռուսական կողմի հետ, որ օտարերկրացիները [Ղարաբաղ] կարող են մուտք գործել բացառապես մեր թույլտվությամբ։ Այդ պայմանավորվածությունը, սակայն, խախտվում է։ Երբ մենք տեսնում ենք, որ ռուսաստանցի խաղաղապահները գաղտնի կերպով նրանց թույլատրում են մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, դա հարուցում է մեր զարմանքը»։

Ադրբեջանական կողմի դժգոհության ևս մեկ պատճառը Ստեփանակերտ ժամանած ֆրանսիացի գործիչների, նախևառաջ Ֆրանսուա Պուպոնիի անձն է։

Պուպոնին Ֆրանսիայի Ազգային ժողովի գործող կազմի՝ Ադրբեջանի հանդեպ ամենից քննադատաբար տրամադրված անդամներից մեկն է։ Բացի այդ, Պուպոնին նաև Ֆրանսիայի խորհրդարանում՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման շուրջ քննարկումների գլխավոր նախաձեռնողներից մեկն էր։ Դրան էլ գումարած, Պուպոնին Ֆրանսիայի քաղաքական դաշտում առաջիններից էր, որ այս տարվա մայիսին՝ Սև լճի և Վարդենիսի սահմանային հատվածներ ադրբեջանական ներթափանցումներից հետո, խոսեց այդ մասին, մասնավորաբար, ֆրանսիական ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկին «Ֆիգարոյին» տված հարցազրույցում։