Երկամսյա դադարից հետո Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը այսօր վերսկսեց թռիչքները։ Այս ընթացքում հիմնանորոգվել է օդանավակայանի վազքուղին, կառուցվել է նոր ուղևորայինն համալիր։
Օդանավակայանի վերաբացմանը մասնակցող փոխվարչապետին հիմնականում վազքուղու ասֆալտի որակն էր հետաքրքրում։ Սուրեն Պապիկյանը նաև օդանավակայանը շահագործող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության ներկայացուցիչներից «Շիրակը» միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու մասին հարցրեց։
1982 թվականին շահագործման հանձնված Շիրակ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ 14 տարի առաջ էր հիմնանորոգվել, վերջին տարիներին ճաքեր էին առաջացրել, և հետագա շահագործումը անվտանգ չէր համարվում։ Վազքուղին հիմնանորոգելու համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը 6 մլն դոլար է ներդրել: 3 հազար 220 մետր երկարություն ու 45 մետր լայնություն ունեցող վազքուղին, ըստ ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանի, ավելի երկար կծառայի։ Իսկ նոր ուղևորային համարալիրը թույլ կտա ավելացնել ուղևորահոսքը:
Սուրեն Պապիկյանի կարծիքով, հիմնանորգված օդանավակայանը կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը. - «Նախկինում եղել եմ էստեղ, հիշում եմ հին վիճակը։ Ու ներկա վիճակը շատ լավն էր։ Կարծում եմ, Գյումրիի օդանավակայանը դառնալու է շատ կարևոր հանգրվան, զբոսաշրջիկների այցելության վայր ու նաև Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկն է լինելու»։
«Շիրակ» օդանավակայանը փաստացի կարող էր տարեկան 250 հազար ուղևոր ընդունել։ Շահագործող ընկերության հավաստմամբ, այս թիվը կարող է հասնել մինչև 700 հազարի։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանի խոսքով, «Շիրակ» օդանավակայանի հեռանկարը բյուջետային ավիաընկերությունների ներգրավումն է. - «Այս տարվա ընթացքում Գյումրիի օդանավակայանը բավականին ակտիվություն ցուցաբերեց, հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի։ Մեր ընկերության կողմից արվող այս ներդրումներն անշուշտ ևս վկայում են նրա մասին, որ մենք տեսնում ենք օդանավակայանի զարգացման ապագան։ Օդանավակայանը պետք է անշուշտ ունենա իր մրցակցային առավելությունը, և մեր պատկերացրած տեսանկյունից, այս օդանավակայանը պետք է ծառայի որպես մեր երկրի երկրորդային օդանավակայան՝ հիմնական շեշտը դնելով բյուջետային ավիաընկերությունների ներգրավման վրա»։
Սերգեյ Ավետիսյանի հավաստմամբ, առաջիկայում մի շարք ավիաընկերություններ թռիչներ են իրականացնելու «Շիրակ» օդանավակայինից. - «Այս պահին բավական մեծ քանակի ավիաընկերություններ արդեն իսկ թռիչքներ իրականացնելու են։ Նաև այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են «Աերոֆլոտը», որը որ նախադեպային է լինելու այս օդանավակայանի համար։ Ավիաընկերություններ հետ մեր քննարկումները և շփումները անընդհատ բնույթ են կրում, և ես կարծում եմ, որ առաջիկա ապագայում մենք կունենանք բավական լավ ցուցանիշներ։ Խնդիրը անշուշտ այն անկանխատեսելիությունն է ավիացիոն ոլորտում, որը պայմանավորված է համաճարակով»։
Ներդորումային ծրագրերը, ըստ ընկերության ներկայացուցչի, շարունակվելու են: Այս պահին «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնում է միայն ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը։ Այստեղից անցած տարի թռիչքներ ծրագրում էր իրականացնել նաև իռլանդական «Ռայան Էյրը», սակայն քովիդի պատճառով այդ ծրագրերը անորոշ ժամկետով հետաձգվել են։