Առանց պետական ֆինանսավորման ու պատշաճ մարզագույքի. Տոկիոյի պարալիմպիկ խաղերին ՀՀ միակ մասնակիցը բազում խնդիրներ է տեսնում

Առանց պետական ֆինանսավորման ու առանց պատշաճ մարզական գույքի. Տոկիոյի պարալիմպիկ խաղերին մասնակցած հայաստանցի մարզիկը վերլուծում է անհաջողության պատճառներն ու եզրահանգում՝ ոլորտի պատասխանատուների ներկայությունը չի զգում հաշմանդամություն ունեցող մարզիկների կողքին։ Հայաստանի միակ ներկայացուցիչ Ստաս Նազարյանը մասնակցում էր 100 մետր սայլակավազքի մրցումներին, որակավորման փուլը, սակայն, չհաղթահարեց. սայլակը 20 տարվա հնության էր։

«Երկիրը կողքդ չեղավ էդ ժամանակ։ Շատ ծանր է ինձ համար, որ ինչո՞ւ ենք մենք մենակ, ինչո՞ւ մեր պետությունը մեր կողքին չի, ի վերջո Հայաստանի սպորտի պատասխանատուները ինչո՞ւ ուշադրություն չդարձրին։

Մրցումները որ նայեք, կամ ես, որ նայում եմ միշտ, ես ավելի շատ ուժ եմ դնում, ավելի շատ էներգիա եմ դնում, բայց մեկ է` իմ սայլակը չի գնում, իմ սայլակի քիթը խաղում է, բայց իրենք հանգիստ, առանց ուժ գործադրելու գալիս, անցնում են», - ասաց նա` շարունակելով.

«Մյուս մարզիկների սայլակները կա՛մ նոր են, կա՛մ 1-3 տարվա սայլակներ են, այսինքն` մոդելի տարբերություն կա: Իմ սայլակը շատ կարճ է, իսկ մյուսներինը բավականին երկար է, ինքն իր դիզայնով տարբերվում է, ամեն ինչը առավելություն է՝ թե՛ արագություն, թե՛ հարմարավետություն, նույնը անիվներից սկսած: Մի խոսքով, 50 տոկոս հաջողության հասնելու կամ չհասնելու դա սայլակի հնարավորությունն է»։

43-ամյա Նազարյանը արդեն վեցերորդ անգամ էր մասնակցում պարալիմպիկ խաղերին։ Ասում է՝ ոչ միայն մարզական գույքի բացակայությունն է խնդիրը, այլ նաև պարբերաբար մարզվելու հնարավորություն չունենալը. «Մենք դիմեցինք Պարալիմպիկ կոմիտե, որ մենք ունե՞նք ինչ-որ բյուջե, որ մինչև Տոկիոյի պարալիմպիկ խաղերը մարզումներ անցկացնենք, կոմիտեն ասաց՝ ոչ, բյուջե չկա հատկացված, այսինքն՝ Պարալիմպիկ կոմիտեն հասկացրեց, որ չգիտեմ՝ երևի դուք ձեր միջոցներով պետք է ստեղծեք այդ ամենը: Եթե Պարալիմպիկ կոմիտեն միջոցներ չունի, Պարալիմպիկ կոմիտեի միջոցներն ունենալն էլ նա է, որ պետական բյուջեից պետք է փոխանցի: Մենք մնացինք սենց օդից կախված, անուշադրության մեջ, լքված»։

Նազարյանը ընկերների հետ հիմնած Պարաաթլետիկայի ֆեդերացիայի միջոցով սկսել է գումար հայթայթել, արտերկրում ապրող ընկերներին դիմել։ «Միայն պետական մակարդակով ուշադրություն ենք ուզում»,- նշում են մարզիկներն ու ընդգծում՝ իրենց հետ պրոֆեսիոնալ թիմ պետք է աշխատի, ուսումնամարզական հավաքներ անցկացվեն։

«Դու մեկ շաբաթ, 10 օր մարզումներով չես կարող հաջողության հասնել, ինչքան էլ ուզում ես, ուզում ես, բայց գալիս ես մի տեղ, որ վերջ, սահմանափակվեց, այսինքն` ֆինանսական սահմանափակում կա: Բայց դու շատ ես ուզում, փորձում ես, էստեղից-էնտեղից միջոցներ հայթայթես, մի քանի օր օրդ երկարացնես, բայց դու էլ արդեն հոգնում ես: Մարզիկի գործը չի էլի դա, մարզիկի ուշք ու միտքը պետք է իր մարզումը լինի, որ միտքը հանգիստ լինի, կարողանա մարզվել»:

Ու մինչ հաշմանդամություն ունեցող մարզիկներն իրենց անտեսված են զգում, Պարալիմպիկ կոմիտեն ու Սպորտի նախարարությունը միմյանց են մեղադրում բացթողումների մեջ։

Կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշում է. «Ստեղծել ինֆրաստրուկտուրաներ, ստեղծել հնարավորություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան սպորտով զբաղվել։ Մեզ մոտ էդ բաները չի արվել, և մենք սպասում ենք ինչ-որ արդյունքների»։

«Այն, որ Հայաստանը պիտի ունենա ուժեղ պարալիմպիկ սպորտ, դա աներկբա է», - ասում է սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը, որն էլ իր հերթին պնդում է՝ խնդրի մասին չեն բարձրաձայնել։ Ասաց՝ այսօր հանդիպում է ունեցել կոմիտեի նախագահի հետ, նշել, որ դժգոհ է աշխատանքից, պահանջել ներկայացնել զարգացման ծրագիր։

Փոխնախարարի խոսքով՝ այս տարվա բյուջեով ավելի քան 100 մլն դրամ է հատկացվել հաշմանդամային սպորտով զբաղվող կազմակերպություններին։ Ասաց՝ հոկտեմբերին տեղի է ունենալու համաժողով, 7 կազմակերպություններ ներկայացնելու են իրենց զարգացման ծրագրերը. «Քննարկելու ենք այդ ծրագրերը, և ասպարեզում կմնան ու կաշխատեն այն հասարակական կազմակերպությունները, ովքեր պատրաստ են ֆինանսավորում ստանալուց հետո հանձն առնել արդյունք տալ։

Ովքեր չեն կարողանում աշխատել, իրենք պետք է չաշխատեն ուղղակի, պիտի աշխատեն նրանք, ովքեր կարող են արդյունք տալ և աշխատանքը կազմակերպել նպատակային ու ճիշտ»։