Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում․ ԱՄՆ դեսպան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ և այն մնում է Մինսկի խմբի օրակարգում, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ վերահաստատելով Միացյալ Նահանգների դիրքորոշումը։

Անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից իրանական պետհամարիշներով բեռնատարների փաստաթղթերի ստուգումներին՝ Լին Թրեյսին շեշտել է՝ ծագող լարվածությունները լուծելու համար խնդրի համապարփակ լուծման անհրաժեշտություն են տեսնում։

«Այն, ինչ տեսնում ենք Սյունիքի մարզում, մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին, այդ առումով, մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության», - ասել է դեսպանը՝ շարունակելով․ - «Ուզում եմ ընդգծել և արդեն մի քանի անգամ ասել եմ, որ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, և դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սա է ամերիկյան կողմի դիրքորոշումը»։

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

Շաբաթներ առաջ ադրբեջանցիները փակ էին Գորիս Կապան ճանապարհի երկու հատվածները, դրանք բացվեցին բանակցությունների արդյունքում։

Կիրակի օրվանից էլ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում են իրանական համարանիշներով բեռնատարները, ստուգում են փաստաթղթերն ու, ըստ իրանցի վարորդների, գումար են պահանջում։

Պաշտոնական Բաքուն պարզաբանել է, թե իրենց հարկային օրենսդրությամբ օտար տրանսպորտային միջոցները ենթակա են հարկման։