Ընդդիմադիր «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները առաջատարն են ընտրական մեղադրանքներով։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ արտահերթի ժամանակ ընտրական հանցագործություններով դատարան ուղարկված 24 մեղադրյալներից 10-ը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ», 9-ն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքների պատգամավորի թեկնածուները կամ աջակիցներն են։ Ընդհանուր առմամբ՝ մեղադրյալի աթոռին են 8 պատգամավորի թեկնածուներ, որոնց շարքում կան նաև թեկնածուներ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած, խորհրդարան չանցած ԲՀԿ կուսակցությունից։ Մեղադրյալներից 24-ը, այդ թվում՝ պատգամավորի 8 թեկնածուները կալանավորված են։
Գրեթե նույն պատկերն էր արձանագրել նաև «Անկախ դիտորդ» կազմակերպությունը, ասում է ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
«Մեր դիտարկումներով՝ առաջին հորիզոնականում բավականին առաջ մնացած բոլորից «Հայաստան» դաշինքն էր՝ ընտրական հանցագործությունների մասով։ Հիմնականում դա ընտրակաշառքներ և ընտրողների վրա ապօրինի ազդեցությունը, այնուհետև գալիս է «Պատիվ ունեմը»՝ հիմնականում ընտրակաշառքով։ Որևիցե զարմանալի բան չկա նրա մեջ, որ հենց այս երկու ուժերի ներկայացուցիչներն են քրեական հետապնդման ենթարկվում և այս երկու ուժերի ներկայացուցիչների մեղադրական եզրակացություններով գործերն արդեն ուղարկվել են դատարաններ», - ասաց Իոաննիսյանը։
Ընդհանուր առմամբ, հունիսի 20-ի ընտրություններով շուրջ 80 քրեական գործ կա, այս պահին մեղադրանք է առաջադրվել 87 քաղաքացու։ Նրանց մեծ մասը՝ 86 տոկոսը, մեղադրվում է ընտրակաշառքին առնչվող հոդվածներով,14 տոկոսը՝ ընտրական բնույթի այլ, այդ թվում՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար։
Ամբաստանյալներից մեկն էլ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կալանավորված բժիշկ Արմեն Չարչյանն է, որ մեղադրվում է ընտրողներին հարկադրելու համար։ Նրան վերաբերող ձայնագրությունը համացանցում Իոաննիսյանն էր տարածել։
Թեև Չարչյանը մեղադրանքը չի ընդունում և հայտարարում է քաղաքական հետապնդման մասին, դիտորդը կարծում է, որ իրավապահները ունեն բավարար ապացույցներ նրան և իրենց դիտարկման խոշորացույցի տակ հայտնված մյուս մեղադրյալներին պատասխանատվության ենթարկելու համար։
«Ես տիրապետում եմ քրեական գործերի նյութերին միայն այն մասով, որոնք որ, կոպիտ ասած, մենք ենք բացահայտել և տվել իրավապահներին։ Այդ գործերի մասով ես պետք է ասեմ, որ հիմնականում ապացույցները շատ են, և շատ հեշտ կլինի ապացուցել, որ իրոք հանցագործություն տեղի է ունեցել և իրոք հանցագործությունը կատարել է այդ անձը։ Հստակ է, որ իրավապահների համար սա առաջնահերթություն է։ Իրավապահները փորձում են ոչ միայն որակյալ անել այս գործն, այլև արագ անել, որպեսզի հանրության համար կասկած չմնա, որ ընտրական հանցագործություն գործած անձինք պատժվելու են։ Սա շատ կարևոր է, սա պրոցես է, որը սկսվել է 2018 թվականից․ մի քանի անգամ փոխվել է Քրեական օրենսգիրքը՝ խստացումներով և փոխվել է իրավապահների մոտեցումը», - նշեց Իոաննիսյանը։
Քվեարկությունից շուրջ երեք ամիս անց դեռ դատարան չի ուղարկվել և նախաքննության փուլում է 39 քրեական գործ։