Վրաց ուղղափառ եկեղեցին՝ աննախադեպ սկանդալի կենտրոնում

Վրաստան - Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված ծիսակատարություն Թբիլիսիի եկեղեցիներից մեկում, օգոստոս, 2020թ.

Վրաց ուղղափառ եկեղեցին՝ աննախադեպ սկանդալի կենտրոնում։ Համացանցում են հայտնվել երկրի թերևս ամենաազդեցիկ այդ կառույցի վերնախավի անձնական կյանքի մասին հազարավոր գաղտնի փաստաթղթեր։

Ըստ լրատվամիջոցների՝ արտահոսքի ետևում ամենայն հավանականությամբ կանգնած է պետանվտանգության նախկին աշխատակիցներից մեկը։ Սկանդալային նյութերի իսկությունը պաշտոնապես չի հաստատվել, բայցև, ինչպես նշում է մամուլը, դրանց բովանդակությունը կասկածի տեղիք չի տալիս։

«Դուք ինձ երբեք չեք գտնի», - զգուշացրել է արտահոսքի ենթադրյալ հեղինակը: Այս հաղորդագրությունը նա կցել է հրապարակված փաստաթղթերին. - «Եկեղեցին այսօր ոչ թե Աստծո տունն է, այլ՝ անառականոց։ Ձեզ չի հուզում, որ Պատրիարքությանը կառավարում է ռուսական խավարը, դուք հանդուրժում եք այդ ամենը հանուն ձեր բարեկեցության։ Այստեղ դուք կտեսնեք այդ աղետի ծավալները, որին ես հետևել եմ տարիներով, որպեսզի տա Աստված դուք արթնանաք և կազմաքանդեք այդ կարծր համակարգը»։

Փաստաթղթերը, որոնք, ինչպես ենթադրվում է, արտահոսել են Պետական անվտանգության ծառայության կողմից, փաստում են, որ այդ գերատեսչությունը տարիներ շարունակ հետևել է Վրաստանի ամենակարող եկեղեցու առաջնորդների անձնական կյանքին, գաղտնազերծել են հոգևոր սպասավորների և մայրապետների միջև սեռական կապ, ընդհուպ պնդումներ կան եկեղեցականների կողմից մանկապղծության դեպքերի մասին, նշված են երեխաների կոնկրետ անուններ և տվյալներ։

«Շնացում» խոսուն վերնագիրը կրող թղթապանակներից մեկում ներկայացված են մի քանի տասնյակ վրաց բարձրաստիճան եկեղեցականների անուններ, որոնք կապեր ունեն Ռուսաստանի, ռուս ազդեցիկ պաշտոնյաների հետ, ինչպես նաև Ռուաստանում վրաց հոգևոր վերնախավին պատկանող օրինական և ապօրինի բիզնեսները։ Հրապարակված փաստաթղթերում շրջանառվում է նաև Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի անունը, նրա մասին մասնավորապես հաղորդվում է այն, ինչ վաղուց է տարածվել վրացական լրատվամիջոցներում. - «Նա 1956-60 թվականներին սովորել է Մոսկվայում, համագործակցել է КГБ-ի [խորհրդային Պետական անվտանգության ծառայության] հետ»։

Այդ նյութերում հիշատակվում է նաև եպիսկոպոս Վախթանգ Լիպարտելիանիի անունը, ով 2014 թվականին իբր եկեղեցականներից կազմված գաղտնի խումբ է ստեղծել հակաարևմտյան քարոզչություն իրականացնելու նպատակով։ Գաղտնալսման հեղինակների համոզմամբ՝ Լիպարտելիանին համագործակցում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) հետ:

Վրաց ուղղափառ եկեղեցին պաշտոնապես չի մեկնաբանել սկանդալը։ Եկեղեցու Պատրիարքարանի հանրային կապերի հարցերով ծառայության ղեկավար Անդրիա Ջամգալիձեն ֆեյսբուքյան իր էջում միայն համառոտ է անդրադարձել թեմային. - «Շատ վատ կլինի, եթե պարզվի, որ տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»:

Քաղաքական իշխանությունը շտապել է մեղադրանքների սլաքն ուղղել ընդդիմության կողմը՝ պնդելով, թե արտահոսքը կազմակերպվել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության կողմից՝ եկեղեցուն վարկաբեկելու նպատակով: Այս մասին հայտարարել է իշխող ուժի ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Ախալքալակի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին, իր հերթին, տեղի ունեցածը քրեական հանցագործություն է որակել՝ ոչ թե իր հոգևոր եղբայրների մասնակցությամբ մութ պատմությունները, այլ այդ ամենի մասին հանրությանը տեղեկացնելը։ Հոգևորականի խոսքով՝ արտահոսքի պատասխանատվությունը կրում է պետությունը: