Երեկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քովիդից մահացած կնոջ հղիությունը 19-20 շաբաթական է եղել, նա ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։
«Հղին հիվանդ է եղել ամսի 1-ից, ամսի 2-ին թեստավորվել է, դրական պատասխան է եղել։ Սակայն ինը օր գտնվել է տանը։ Ամսի 9-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է կլինիկա, անմիջապես ռեանիմացիոն բաժանմունք։ Գնալով ավելի վատացել է, ցավոք սրտի, ունեցել ենք մահվան ելքով հղի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ինգա Ավանեսյանը։
Պաշտոնական տվյալներով, այս տարի 4, իսկ նախորդ տարի 5 հղի է մահացել քովիդից։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կնետրոնն ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է որպես քովիդով հիվանդների ընդունող ու բուժող կենտրոն, որի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում այս պահին քովիդով հիվանդ 49 հղի և նոր մայրացած երեք կին է հոսպիտալացված։
Ծառայության ղեկավարի խոսքով, այս թիվն ավեի մեծ է եղել. - «Երրորդ ալիքի ժամանակ մոտավորապես բաժանմունքում հիսունվեց և ավելի հղիներ են եղել։ Մտածում ենք, որ դեռ հղիների թիվը ավելանալու է մոտակա ապագայում։ Դրա համար, խնդրում եմ, որ մասնավորապես հղիները լինեն իրենց առողջությանը շատ ուշադիր, կրեն դիմակ, բազմամարդ շրջապատներում ինչ-որ խնջույքների և առիթների չմասնակցեն»։
Քովիդի «դելտա» շտամը, ըստ մասնագետների, ավելի արագ է տարածվում, և հիվանդությունն ավելի ծանր է ընթանում։ Չնայած սրան, պատվաստումների հակացուցումների վերաբերյալ Առողջապահության նախարարության մշակած կարգավորումներում նաև հղիներն են ներառված։
Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր «Ազատության» եթերում ասաց, որ մահացած կինը պատվաստված չի եղել ու ընդգծեց, որ հղին ինքն է որոշում պատվաստվել թե ոչ. - «Մենք թողել ենք հղիի ընտրությանը, որովհետև հասկանալով գերզգայուն նրանց իրավիճակը, որևէ պարտադրանք չկա, և բժշկի հետ խորհրդակցելու պարագայում հղիներին որևէ կերպ հակացուցված չէ պատվաստումը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն տասնյակ հազարավոր հղի կայանք պատվաստվել են, և որևէ առողջական խնդիր չեն ունեցել»։
Կորոնավիրուսի նոր դեպքերը վերջին շաբաթներին կայուն աճում են՝ տատանվելով օրական 500-700 սահմաններում։ Միայն այս ամսվա առաջին 14 օրերին կովիդից արդեն 177 մարդ է մահացել։ Մահերի ընդհանուր թիվն արդեն անցնում է 5 հազարը, ևս 1180 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության՝ մահացել է այլ պատճառներով:
Քովիդի բուժմամբ Հայաստանում զբաղվում է 17 հիվանդանոց, հատկացված 1711 մահճակալից ազատ է 165-ը, վերակենդանացման բաժանմունքների 318 մահճակալից 39-նն է ազատ։
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում, չափահաս բնակչության հաշվարկով, պատվաստվածների թիվը շուրջ 10 տոկոս է կազմում, ամբողջ բնակչության հաշվարկով այս թիվը շատ ավելի փոքր է։ Պատվաստումների առումով՝ Հայաստանը տարածաշրջանում դեռ շարունակում է մնալ վերջին տեղում՝ Եվրամիության չափանիշներով հայտնվելով «կարմիր գոտում»։