Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով:
«ՀայՓոստ»-ի հաղորդագրության համաձայն՝ մարումն իրականացրել են Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետի Ծովինար Գալստյանը, «ՀայՓոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
940 դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (19-րդ դար), իսկ 950 դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ հրթիռակոծված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից: Գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչև ռմբակոծումը, ինչպես նաև՝ եկեղեցու հրեշտակ քանդակներից մեկը: Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ռմբակոծվող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև՝ անօդաչու թռչող սարք:
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ռմբակոծվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։