Ազգային ժողովի այսօր վերսկսվող հերթական նստաշրջանում պատգամավորները Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն, բոլոր երեք թեկնածուներին էլ ներկայացրել է դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի հարցը պետք է քննարկվեր դեռ նախորդ գումարման Ազգային ժողովի օրոք, սակայն հետաձգվեց արտահերթ ընտրությունների պատճառով։
Թեկնածուներից մեկը մասնագիտությամբ իրավագետ 46-ամյա Հովսեփ Բեդևյանն է, որն այժմ Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս է։ Նա նախկինում աշխատել է նախագահի պետաիրավական վարչությունունում։
Մյուս թեկնածուն 47-ամյա Հրաչ Այվազյանն է՝ իրավագետի մասնագիտությամբ, Վարչական դատարանի դատավոր է։ Նախկինում աշխատել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տարբեր բաժիններում, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության գլխավոր մասնագետն է եղել։
Վճռաբեկ դատարանի դատավորի երրորդ թեկնածուն 45-ամյա Լիանա Հակոբյանն է, նույնպես Վարչական դատարանի դատավոր է, մանագիտական կարիերան սկսել է Սահմանադրական դատարանում, եղել է դատավորի օգնական, վարչություն է գլխավորել։
Խորհրդարանում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին կներկայացնի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
Դատական ոլորտում բարեփոխումների, վեթթինգի մասին մշտապես բարձրաձայնող քաղհասարակության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ էական չէ, թե ով կընտրվի, երբ համակարգն է նույնը։
«Հին ընթացակարգերով սահմանված կան որոշակի չափորոշիչներ, որոնց պայմաններում նույն համակարգի մեջ աշխատող մարդիկ, կամ նույն համակարգի հետ ուղիղ, առանցքային կապեր ունեցող մարդիկ նորից վերարատադրվում են», - ասաց Կարապետյանցը։