Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԿԸՀ հաղորդումը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հիշեցրեց՝ ընտրական շրջանում հանձնաժողովը մի շարք թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու դիմումներ է բավարարել։ Պատգամավորը ԿԸՀ նախագահից հետաքրքրվեց՝ ի՞նչ պետք է լիներ, որ հանձնաժողովը բավարարելու փոխարեն բարձրաձայներ քաղաքական հետապնդման մասին։ Քրեական հետապնդումների թույլտվություն ԿԸՀ-ն տվել էր հիմնականում «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների դեպքում, վերջիններս ընտրարշավի ժամանակ մեղադրվեցին ընտրակաշառք բաժանելու համար։
«Պարո՛ն Մուկուչյան, ուզում եմ հիշեցնել, որ բնականաբար, Ձեր ֆունկցիան այս պարագայում դատարանի ֆունկցիա չէ, այսինքն` Ձեր ֆունկցիան է` քաղաքական հետապնդումից զերծ պահել քաղաքացիներին, եթե ես ճիշտ եմ հասկանում, օրենքի պահանջ», - նկատեց պատգամավորը:
Մուկուչյանն արձագանքեց. «Հարցն, ըստ էության, առնչվում է Ընտրական օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումներին, որի կիրառումը, ըստ էության, մենք առաջին անգամ իրականացրեցինք: Իրականում նշեմ, որ երբ սկսում ես արդեն որևէ իրավադրույթ կիրառել, բնական է` շատ ավելի ցայտուն են սկսում ի հայտ գալ այն խնդիրները, որոնք առկա են այդ իրավադրույթում»:
Մամիջանյանը, դիմելով Մուկուչյանին, խնդրեց արձանագրել, որ իր պաշտոնավարման 10 տարիներին անցկացված ընտրությունները օրենսդրական պահանջներին համապատասխան են եղել, Մուկուչյանն անհամաձայնություն չհայտնեց։ Նախկին իշխանությունների օրոք անցկացված ընտրություններից հետո Մուկուչյանը սուր քննադատության էր արժանանում, այդ թվում` նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից
«12 թվականից ես, ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եմ, կազմակերպել եմ բազմաթիվ ընտրություններ: Բոլոր ընտրությունների հետ կապված էլ իմ կարծիքը ես ներկայացրել եմ, որովհետև նույն այս դահլիճում տարբեր թվականներին համապետական ընտրություններից հետո, ինչու չէ նաև ՏԻՄ ընտրությունների, որովհետև մենք նաև տարեկան հաղորդագրությամբ ենք հանդես գալիս, ներկայացվել են նմանատիպ տարբեր գնահատականներ, և մեր մոտեցումը եղել է հետևյալը. իմ կարծիքով` իրականացված ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին», - ասաց նա:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց: Ընդդիմադիրներն, ըստ ԱԺ խոսնակի, փորձում են տպավորություն ստեղծել, թե նախկին ընտրությունները կեղծված չեն եղել. ««Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները երբ որ փորձում են Մուկուչյանի խոսքերը կամ վարչապետի պատգամավոր եղած ժամանակվա խոսքերն իրար հակադրելով տպավորություն ստանալ, որ նախկին ընտրությունները կեղծված չեն եղել, դա ապարդյուն աշխատանք է, որովհետև տարիներ շարունակ ասվել է, որ ընտրությունները կեղծված չեն, և հասարակությունը վստահ իմացել է, որ ընտրությունները կեղծված են: Հիմա փորձերը ասել, որ ընտրություններն այդքան էլ լավ չեն անցել, և լեգիտիմության հարց բարձրացնելը հաջողության չեն հասնելու, որովհետև մարդիկ կրկին գիտեն, որ ընտրությունները կեղծված չեն, և համենայն դեպս այս մասով լեգիտիմ արտահայտում են իրենց քվեարկությունը»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ընտրացուցակների մասին հարց բարձրացրեց՝ արդյոք չե՞ն պատրաստվում մաքրել դրանք. «Ինձնից լավ գիտեք, որ ընտրացուցակներում կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք 30 տարի, 20 տարի, 25 տարի Հայաստանում չեն բնակվում, ավելին` իրենք Հայաստանի քաղաքացի վաղուց արդեն չեն: Ինչո՞ւ խնդիր չի դրվում մաքրել այդ ցուցակները»:
2011 թվականից Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարող Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե ցուցակների մաքրման, այլ դրանց կազմման մեթոդաբանության մեջ է:
Ազգային ժողովն այսօր քննարկեց նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը, սակայն քվեարկություն այսօր չանցկացվեց։ Այս նստաշրջանի ընթացքում օրենսդիրները նաև Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն։ Երեք թեկնածուներին առաջադրել է դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը։