Սիրիայի հարավում գտնվող Դառաայի շրջանում ռուսների միջամտությամբ հաջողվել է դադարեցնել կառավարական ուժերի և զինյալների միջև վերսկսված բախումները:
Հրադադարի պայմանների համաձայն զինյալները, ովքեր ցանկանում են հաշտվել պետության հետ, պետք է վայր դնեն զենքերը և կարող են միանալ պետական բանակին, մնացածները կստանան զինյալների հսկողության տակ գտնվող Իդլիբի շրջան անարգել տեղափոխվելու հնարավորություն:
Իրավիճակը Դառաայում աստիճանաբար կարգավորվում է: Սիրիայի պետական բանակը շրջանում կտեղակայի 9-ն անցակետեր, որոնցից ամեն մեկում կգտնվի առավելագույնը 20 զինծառայող: Դրանից հետո սիրիական պետական բանակը պետք է հեռանա ավանից:
Ամիսներ շարունակ Սիրիայի հարավում ծանր մարտեր են մղվել, ավերվել են մեծ թվով բնակավայրեր: Տեղացիները հուսով են, որ պետությունը կկարողանա ապահովել բնականոն կյանքը վերականգնելու պայմանները:
Դառաայի շրջանը սահմանակցում է Հորդանանի և Իսրայելի հետ և համարվում է նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության դեմ 2011 թվականին մեկնարկած ապստամբության օրրանը:
Դառաայի բախումներից հետո ամբողջ Սիրիան ներքաշվել է արյունալի քաղաքացիական պատերազմի մեջ: