Մեկնարկել է Ազգային ժողովի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանը։
Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցությունը պահանջեց ձևաչափ գտնել ու քննարկում կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Սյունիքում։
Երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ Որոտանի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթեր է ստուգում՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավերելու ուղղությամբ։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԱԾ հայտարարությունը անատամ և ոչինչ չասող որակեց՝ շեշտելով՝ այնտեղ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն։
«Նախորդ օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական զինված ուժերի հերթական ապօրինի գործողություններին և, ցավոք սրտի, մեր իշխանությունների կրավորական ու ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին։ Ընդ որում ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այն անատամ է և ոչինչ չասող։ Երկրորդը՝ այս ընթացքում մենք նաև որևէ բացատրություն, որևէ հիմնավորում և վարքագիծ չտեսանք իշխանություների կողմից։ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է գտնել ձևաչափ՝ քննարկում կազմակելպելու, որ հասկանանք, թե ինչ է կատարվում, մանավանդ, որ ԱԱԾ հայտարարությունն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մինասյանի առաջարկն անպատասխան թողեց, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հարցրեց խորհրդարանի խոսնակին՝ արդյո՞ք պատրաստվում են քննարկում կազմակերպել և ԱԱԾ տնօրենին Ազգային ժողով հրավիրել։
«Մենք այդ հարցը կքննարկենք՝ ձևաչափի առումով, և կհասկանանք, չեմ բացառում, որ առաջարկը կընդունվի», - ասաց Սիմոնյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, նամակներ է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և խաղաղապահ ուժերի հրամանատարությանը` նշելով, թե այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցներ անօրինական անցնում են «Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը»: