Նախորդ շաբաթվա վերջին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումը սպառնալիք է հարևան ու այլ պետությունների համար, հայտարարում է Միացյալ Նահանգների Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ «Այս գործելաոճն ի ցույց է դնում, որ Հյուսիսային Կորեան շարունակում է ջանքեր գործադրել իր ռազմական ծրագրի զարգացման ուղղությամբ, ինչը սպառնալիք է իր հարևանների և միջազգային հանրության համար», - ասված է հաղորդագրությունում։
Ժամեր առաջ Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ ամիսներ տևած դադարից հետո, սեպտեմբերի 11-ին և 12-ին երկիրը փորձարկել է նոր՝ թևավոր հրթիռ, որը խոցել է թիրախը 1500 կիլոմետր հեռավորության վրա՝ ընկնելով Հյուսիսային Կորեայի տարածքային ջրերում։ Պաշտոնական Փհենյանի բնորոշմամբ՝ նոր հրթիռը «մեծ կարևորություն ունեցող ռազմավարական նշանակության զենք է»։