ԱՄՆ-ում նախագահ Բայդենի հրամանագրով խստացնում են կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները

Ջո Բայդենը հանդես է եկել կորոնավիրուսի «դելտա» տարբերակի տարածումը վակցինայով զսպելու մասին ուղերձով, 9 սեպտեմբերի, 2021թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է` սահմանվում է կորոնավիրուսի տարածումը զսպելու նոր պարտադրանք՝ ցանկացած հիմնարկում, որտեղ աշխատում է 100-ից ավելի մարդ, աշխատողները պետք է պատվաստվեն կամ ամեն շաբաթ ներկայացնեն ստուգման բացասական արդյունքով տեղեկանք:

Բայդենը քննադատել է մոտ 80 միլիոն ամերիկացիներին, ովքեր առայսօր չեն պատվաստվել, չնայած այն հանգամանքին, որ պատվաստումն անվճար է, ամենուր կան պատվաստման կենտրոններ, և առկա են անհրաժեշտ թվով դեղաչափեր:

«Մենք համբերատար էինք, բայց մեր համբերությունն էլ սահման ունի, ձեր կողմից վակցինան մերժելը երկրի վրա թանկ է նստում»,- ասել է Բայդենը, նշելով, որ ԱՄՆ-ում մեծ տարածում է գրանցում կորոնավիրուսի «դելտա» տարբերակը, աճել է ախտահարումների, հիվանդանոցներ դիմելու և մահվան դեպքերի թիվը:

Բայդենն ընդգծել է, որ նոր ախտահարումների գերիշխող մեծամասնությունը գրանցվում է չպատվաստված բնակիչների շրջանում:

Նոր հրամանագրով պատվաստումը պարտադիր է դառնում ԱՄՆ բոլոր դաշնային հիմնարկների աշխատողների համար, ովքեր մինչ այդ կարող են ընտրել պատվաստվելու կամ տեղեկանք ներկայացնելու տարբերակներից մեկը:

Հանրապետականներն անմիջապես քննադատել են Բայդենին, ասելով, թե նախագահը գերազանցում է պաշտոնեական լիազորությունները: Հանրապետականների ազգային կոմիտեն հայտնել է, որ վակցինացիայի պարտադրանքը կանխելու համար դատ է հարուցելու Սպիտակ տան դեմ: