Ըստ Լուկաշենկոյի՝ Ռուսաստանի հետ միասնական պետության մասին փաստաթղթերի փաթեթը հնարավոր է ընդունվի հոկտեմբերի վերջին

Երեկ Մոսկվայում Ռուսաստանի ու Բելառուսի նախագահների միջև ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկու երկրների միասնական պետության մասին փաստաթղթերի փաթեթը հնարավոր է ընդունվի արդեն հաջորդ ամսվա ավարտին՝ այն բնորոշելով որպես «ճեղքում մի քանի ոլորտներում»։

Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել դեպի միասնական պետություն տանող 28 ճանապարհային քարտեզների շուրջ։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահը հայտարարել է Բելառուսին 640 միլիոն դոլար վարկ հատկացնելու մասին, որը կտրվի մինչև գալիք տարվա ավարտ։ Նա նաև նշել է, որ Բելառուսի համար ռուսական գազի գինը 2022թ-ին կմնա նույնը, ինչը այս տարի, Բելառուսի հետ ստեղծվելու է բնական գազի միասնական շուկա, և չեղարկվում են երկու երկրների միջև օդային ուղևորափոխադրումների սահմանափակումները։