Կամերային երաժշտության տանը այսօր կհնչեն Վիվալդիի ստեղծագործությունները

Այսօր երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համատեղ համերգով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգաշրջանը, որը թե' նվագախմբի, թե' երգչախմբի համար չափազանց հագեցած է լինելու ամենատարբեր համերգային ծրագրերով, նաև հայ և օտարազգի անվանի երաժիշտների մասնակցությամբ:

Անդրադառնալով նոր համերգաշրջանի ընթացքում իրականացվելիք ծրագրերին Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիկս Բաբուրյանը շեշտում է. - «Համերգաշրջանը շատ խիտ է։ Հոկտեմբերին ունենալու ենք ութ համերգ, որը աննախադեպ է նվագախմբի համար։ Բացի այդ, մենք ունենք ծրագիրը, որը կոչվում է «Հայահավաք», մենք հրավիրում ենք Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներին մինչև դեկտեմբեր ամիսը, որոնցից են Միսակ Բախբուդարյանը, Լյուկ Բաղդասարյանը և Նուրհան Արմանը։ Նրանց հետ ենք աշխատելու մինչև տարվա վերջ, նրանք շատ հայտնի և շատ տաղանդավոր դիրիժորներ են, ովքեր այս պահին ապրում են արտերկրում»։

Այսօր երեկոյան Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգի ընթացքում հնչելու են բացառապես Վիվալդիի ստեղծագործությունները: Համերգը կղեկավարի անվանի խմբավար, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը:

«Ազատության» հարցիս, թե ինչով է պայմանավորված Վիվալդիի ստեղծագործությունների կատարմամբ համերգաշրջանի բացումը, Ռոբերտ Մլքեյանը պատասխանեց. - «Հատուկ ինչ-որ ընտրություն չկա։ Համերգաշրջանը բացելու հետ մեկտեղ փորձելու եմ ընդհանրապես ես... կամերային երաժշտության ժանրի պակասի լրացում է պետք Հայաստանում։ Համաշխարհային հսկայական գրադարան կա կամերային երաժշտության համար՝ մեսսաներ, կանտատներ, մեկը մեկից գեղեցիկ գործեր։ Դրանց չեմ ասի լիովին մոռացված են, բայց բավական քիչ են կատարվում։ Իսկ Կամերային երաժշտության կենտրոնի հիմնական նպատակը, մանավանդ նվագախմբի և երգչախմբի, ես կարծում եմ, որ պետք է լինեին վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք այս ժանրի թագավորներն են այսպես ասած»։

Այսօրվա համերգային ծրագրում, ի թիվս ՎիՎալդիի այլ ստեղծագործությունների, կհնչի նաև նրա հանրահայտ «Գլորիա»-ն, որին անդրադառնալիս մաեստրո Ռոբերտ Մլքեյանն ընդգծեց. - «Մենք արդեն տասն ու կես միլիոն դիտում ունենք առաջին անգամ որ արել ենք դա տասը տարի առաջ։ Եթե ինքը տասն ու կես միլիոն դիտում ունի, ուրեմն ժողովուրդը սիրում է այդ երաժշտությունը։ Գուցե մենք էլ կսկսենք մտածել դրա մասին, որ, այո, հայ կոմպոզիտորը հիմնականում հիսուն տոկոսը պետք է հնչի, բայց դրա հետ միասին, մենք ունենք նաև նպատակ՝ համաշխարհային գրականության կամերային երաժշտության վոկալ-սիմֆոնիկ գործերի կատարման խնդիր ունենք դրված։ Ես այդ խնդիրն էի որոշել կատարել»։

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական կամերային երգչախմբի այս համերգաշրջանի առաջիկա ծրագրերին, ապա դրանք կրկին հագեցած են. - «Ծրագրերը շատ հագեցած են։ Որ թվեմ, շատ երկար կտևի։ Բայց առաջնահերթ Կոմիտաս փառատոն, ամսի 14-ին, անմիջապես հինգ օր հետո արդեն Սաղմոսավանքում համերգ-ծայնագրություն Կոմիտասի ստեղծագործությունների։ Անմիջապես մի շաբաթ հետո՝ սեպտեմբերի 26-ին, նորից Կոմիտաս։ Այս անգամ գնում ենք Արագածոտնի Արուճ վանքը, և էնտեղ էլ լինելու է հրաշալի համերգ, որտեղ Կոմիտասը ոչ միայն խմբերգերով հանդես կգա, այլ նաև երգչախմբի սոլիստները կերգեն, կնչեն նաև դաշնամուրային ստեղծագործություններ։ Էլ չեմ ասում, որ հոկտեմբերի 6-ին Գերմանիայից հրավիրել ենք Ամելունգ ազգանունով մի դիրիժորի, որը 2019 թվին մեր մոտ «Հովհաննես պասիոնն» արեց երգչախմբի և օրկեստրի հետ։ Մեր երգչախումբն էր մասնակցում, Պետական կամերային նվագախումբն էր մասնակցում, և հրաշալի համերգ եղավ»։

Ռոբերտ Մլքեյանի համոզմամբ, առհասարակ վերջին տասնամյակում մեծ առաջընթաց կա ի նպաստ դասական երաժշտության առավել տարածման և հանրայնացման, և դրա լավագույն ապացույցը, նրա խոսքով, լեփ-լեցուն դահլիճներն են. - «Չի կարող ժողովուրդը հենց ընենց վեր կանա գա համերգի, եթե ինքը դրա կարիքը չունենա։ Մեծ փոփոխություն կա, իմ համերգներին բավական շատ երիտասարդություն կա։ Մեր հայկական աշխարհում մեծ հետաքրքրություն կա դեպի դասական երաժշտություն, և դա շատ ուրախացնում է ինձ։ Մանավանդ էս դժվար պայմաններում, երբ մենք անցել ենք էս կորոնա կոչվածի և պատերազմի միջով, նորից հետ ենք գալիս խաղաղ կյանք։ Հետ ենք վերադառնում, առողջ ենք հետ վերադառնում։ Չմնացինք հիվանդ ու տենց էլ մնայինք։ Չէ, փառք Աստծու, դրական շատ կա դեպի առողջանալը՝ բոլոր իմաստներով»։