Ռուստամ Մուրադովին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին ու Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատար, գնդապետ Դմիտրի Օվչարովին այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
Կարևորելով Հայաստանում ռուսաստանյան ստորաբաժանման դերն ու նշանակությունը՝ Կարապետյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու Մոսկվայի ջանքերը, ինչպես նաև Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Մուրադովն ավարտեց իր առաքելությունը՝ որպես Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից։