«Հարձակումներ դպրոցների վրա Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում»

Պատերազմից ժամանակ եղած շենքի ավերածություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Պատերազմի դասերը» վերնագրով: Ծավալուն փաստաթուղթը հեղինակել են Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի երեխաների իրավունքների հարցերով փորձագետ Բիլ վան Էսվելդը և հետխորհրդային տարածքում մարդու իրավունքների հարցերով փորձագետ, Human Rights Watch-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի տեղակալ, լրագրող Տանյա Լոկշինան:

Իրավապաշտպան կառույցը նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրը երեխաներ են զոհվել: Սեպտեմբերի 27-ին Մարտունու շրջանում արկի պայթյունից սպանվել է 9 տարեկան Վիկտորիա Գևորգյանը: Նույն օրն Ադրբեջանի Նաֆթալան քաղաքում արկից զոհվել են 13-ամյա Շահրիյար Գուրբանովը, նրա զարմիկը՝ 14 տարեկան Ֆիդան Գուրբանովան և ընտանիքի երեք այլ անդամներ:

Վկայակոչելով տարբեր աղբյուրների հրապարակած փաստաթղթեր, Human Rights Watch-ը նշում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմում սպանվել է ավելի քան 150 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում կա առնվազն 10 ադրբեջանցի երեխա: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները: Մեծ թվով բնակիչների տներ ավերվել են:

Թե՛ պատերազմի և թե՛ հետպատերազմյան ընթացքում Human Rights Watch-ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ, պարզելու, թե արդյոք զինված ուժերը կատարում են միջազգային պատերազմական օրենքներով ստանձնած պարտավորությունները՝ խաղաղ բնակիչներին հարձակումներից պաշտպանելու համար, հարցազրույցներ վարել, ուսումնասիրել լուսանկարներ և տեսանյութեր: Ըստ պաշտոնական տվյալների՝ վնասվել կամ ավերվել են առնվազն 71 դպրոց հայկական կողմից, այդ թվում՝ երկուսը Հայաստանի տարածքում, և 54 ադրբեջանական դպրոց, մանկապարտեզներ, արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ և արհեստագործական դպրոցներ:

Human Rights Watch-ի փորձագետները ներկայացնում են այդ դաժան պատերազմի սարսափելի քրոնիկոնը՝ «հոկտեմբերի 2, Թարթառ ադրբեջանական քաղաք, հրետանու հարվածների հետևանքներ, Թարթառը լի էր ռազմական տրանսպորտային բեռնատարներով և շուրջ բոլորը ռազմական դիրքեր էին», սակայն Human Rights Watch-ը հանգել է այն եզրակացությանը, որ հայկական ուժերի կողմից քաղաքի ներսում խիտ բնակեցված քաղաքացիական տարածքների վրա հարձակման համար ոչ ճշգրիտ, պայթուցիկ սպառազինության բազմակի կիրառումը եղել է անխտրական և, հետևաբար՝ անօրինական:

Հաջորդ օրը արկերը հարվածել են Թարթառի դպրոցի շենքին: Ստեփանակերտում հարվածի է ենթարկվել թիվ 10-ը դպրոցը, հրետակոծության ենթարկված այլ դպրոցներից են թիվ 12-ը, թիվ 1 մանկապարտեզը, երաժշտական դպրոցը և Հայ ավետարանական ընկերակցության մանկապարտեզը: Հոկտեմբերի 8՝ «Սմերչ» հրթիռն ընկել է Բարդա ադրբեջանական ավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի բակում, շենքն ավերվել է, այդ մասին պատմել է դպրոցի մոտ գտնվող տանն ապրող ուսուցչուհին:

Հոկտեմբերի 15-ին հարվածի է ենթարկվել և մեծ վնաս է կրել Ղարաբաղի Կարմիր շուկայի միակ դպրոցը, որի շենքն այդ օրերին ծառայել է որպես հոսպիտալ: Հոկտեմբերի 17՝ Սկադ հրթիռը հարվածել է Գյանջային, զոհվել է 21 մարդ: Հոկտեմբերի 23-ին ադրբեջանական հրթիռը հարվածել է Ասկերանի արվեստի և երաժշտության դպրոցին, որի նկուղն օգտագործվել է որպես հոսպիտալ, շենքը սարսափելի վնասներ է կրել:

Պատերազմից հետո այն տարածքնեում, որոնք պետք է փոխանցվեին ադրբեջանցիների հսկողության, հայ բնակիչներն այրել են իրենց տները, նոյեմբերի 22-ին Human Rights Watch-ը գրանցել է, որ Քելբաջարում Եղեգնուտ գյուղի դպրոցի շենքն այրվում է: Ըստ Human Rights Watch-ի, տեղի հայկական իշխանությունները ներգրավված են եղել դպրոցները և այլ ենթակառուցվածքը հրկիզելու գործում:

2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորել է մոտ 24 հազար աշակերտ: Նոյեմբերի դրությամբ, այդ դպրոցներից 107-ը, որտեղ գրանցված էր 6834 աշակերտ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այդ տարածքում նախկինում բնակվող հայերը տեղափոխվել են Հայաստան կամ Ղարաբաղում հայերի հսկողության տակ մնացող շրջաններ, որտեղ աշակերտների համար դպրոցներ վերաբացելու հարցում կան մեծ դժվարություններ: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվել են, սակայն որոշ դպրոցներ գործնականում դատարկ մնացին անվտանգության նկատառումներից ելնելով:

Վերադարձող անձնակազմը պարզել է, որ շատ դասարաններ թալանվել են: Հայկական կողմի վերահսկողության ներքո գտնվող Մարտունիում, ականանետերից, ինչպես նաև «Գրադ» տեսակի հրթիռներով նոյեմբերի սկզբին հինգ անգամ հրետակոծվել է թիվ 1 դպրոցը: Դեռ նոյեմբերին այդ շենքերում տեղակայված են եղել բանակի ստորաբաժանումներ: Մարտունիում դպրոցը վնասվել էր դեռ առաջին պատերազմում, բայց երկրորդում էլ հարվածի ենթարկվեց: Կարինե Պողոսյանի փոխանցմամբ, հենց զինվորականները դուրս են եկել, դպրոցից կոլեկտիվը սկսել է մաքրել շենքը և ամեն ինչ արվել է ուսումնական աշխատանքը վերսկսելու համար:

Ո՞րն է հետագա ճանապարհը: Human Rights Watch-ի համոզմամբ, մինչ Ադրբեջանը և Հայաստանը դպրոցներ են կառուցում և վերանորոգում, երկու կողմերն էլ պետք պարտավորվեն երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, այս ուսումնական տարում կունենան դպրոցի հասանելիության հնարավորություն: Ամերիկացի ռազմական վերլուծաբաններն ուսումնասիրում են Թուրքիայի և Իսրայելի անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների դերը մարտադաշտում Ադրբեջանի հաջողության հասնելու գործում: Դրանք կործանարար ազդեցություն են գործել կրթությանը վրա: Անօդաչու թռչող սարքերը հարվածել են դպրոցներին և վիրավորել առնվազն մի երեխայի:

Հայաստանը մեկն է այն 111 երկրներից, որոնք հավանություն են տվել Անվտանգ դպրոցների հռչակագրին, որը կարևորում է կրթության պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ: Ըստ Human Rights Watch-ի, Ադրբեջանը պետք է հետաքննի բոլոր այն դեպքերը, երբ իր ուժերը ռազմական թիրախներ են տեղադրել դպրոցների մոտ: Ադրբեջանը նաև պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին: Հակամարտությունը և դրա հետևանքները ցույց են տալիս կրթությունը հարձակումներից պաշտպանելու գլոբալ նորմերի նկատմամբ պարտավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը: