Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ 15 հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է:
Հայաստանի ԱԳ նախարարն իր վրաց գործընկերոջը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են բարեկամական և բարիդրացիական բնույթ ունեցող հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգի հարցեր:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը՝ այս համատեքստում առանձնացրել է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:
«Զրուցակիցները քննարկել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր և դրա շրջանակում նոր հնարավորությունները:
Տարածաշրջանում կայուն զարգացման և անվտանգության ամրապնդման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը նաև նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար», - ասված է հաղորդագրությունում: