Գլխավոր դատախազությունն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրաժարվել է Մարտի 1-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից, հայտնում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Դատարանի կողմից կայացվել է արդարացման դատական ակտ», - նշել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի 2008թ.-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանն այնուհետև ուժի մեջ էր թողել այդ որոշումը:
Հետագայում՝ արդեն հեղափոխությունից հետո` 2019-ին, գլխավոր դատախազի տեղակալը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բեկանել և փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը: