Միրզոյանն ու Բաբայանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Երևանում այսօր հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Միրզոյանը և Բաբայանը ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակի և հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքների շուրջ։ «Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և առանց նախապայմանների հայրենադարձումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի, հատկապես՝ տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և նրանց համապարփակ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը», - նշված է հաղորդագրությունում։

Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ շեշտել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում «ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը»։

Արցախի ԱԳՆ-ն էլ հաղորդում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։

Արցախի ԱԳՆ-ից հանդիպմանը մասնակցել են նաև գլխավոր քարտուղար Սեմյոն Աֆիյանը և ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։