Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) ձերբակալել է Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:
ՀՔԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Հովսեփյանին կալանավորելու համար։
Ըստ իրավապահների, 68-ամյա Հովսեփյանը, որը 2004-ից դատախազի, ապա Քննչական կոմիտեի նախագահի պաշտոններ է զբաղեցրել, պաշտոնավարման տարիներին օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն դրամ կաշառք և խարդախությամբ հափշտակել է 800 միլիոն դրամ գույք։ Թե ինչ ընկերությունների և գույքի մասին է խոսքը, իրավապահները չեն բացահայտում։
«Ազատության» հետ զրույցում գործը քննող Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց՝ առավել մանրամասն տեղեկատվություն կհաղորդեն ավելի ուշ. «Այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել՝ քրեական գործի շահերից ելնելով»:
Նախկին գլխավոր դատախազի պաշտպան Գագիկ Խաչիկյանը Ֆեյսբուքի իր էջում փոխանցել է պաշտպանյալի խոսքերը՝ մեղադրանքը չի ընդունում և տրամադրված է մարտական:
«Քննիչը պատրաստվում է խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան։ Խիստ կարևոր է, որ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձին հնարավոր չի եղել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Մեղադրանքի կողմը անհաջող փորձ է արել վերջինիս հասուն որդիների կողմից բիզնես գործունեությունը ներկայացնել որպես պարոն Հովսեփյանի հովանավորչության արդյունք», - գրում է Հովսեփյանի պաշտպանը՝ հավելելով, որ գտնվել են մարդիկ, որոնք «ստանձնել են գործիքի դեր ու քննությանը մատակարարել անհրաժեշտ դատարկաբնությամբ»:
Գագիկ Խաչիկյանը դիմելու է դատարան՝ ոչ իրավաչափ ճանաչելու Հովսեփյանի ձերբակալման որոշումը։
Աղվան Հովսեփյանը 2004-2013 թվականներին ղեկավարել է Գլխավոր դատախազությունը, հետո էլ մինչև 2018-ի հեղափոխությունը՝ չորս տարի Քննչական կոմիտեի նախագահն էր։ 2018-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը, Հովսեփյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, թե աշխատելու է նոր իշխանության հետ, բայց երկու ամիս անց նա հրաժարական էր ներկայացրել։
«Ազատության» հարցին՝ աշխատելո՞ւ է նոր իշխանությունների հետ, Հովսեփյանը պատասխանել էր. «Իհարկե, անպայման, միշտ ծառայել եմ, հիմ էլ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը»:
Հեղափոխությունից հետո Հովսեփյանը որպես վկա հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով, մանրամասներ նրա հարցաքննության մասին չէին հաղորդվել։ Ինքը՝ Աղվան Հովսեփյանը 2008-ի արյունալի իրադարձությունների մասին գլխավոր դատախազի պաշտոնում 2008-ին հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության առաջնորդները «մարդկանց նկատմամբ իրականացրել են հոգեբանական դիվերսիա»:
«Իրականացվել է հոգեբանական դիվերսիա ժողովրդի այն զանգվածի նկատմամբ, որոնք ներկայացել են հանրահավաքին, որոնց վրա հենվելով պիտի որ իրականացնեին ողջ այդ հանցավոր գործունեությունը: Հոգեբանական դիվերսիայի ընթացքում օգտագործել են բոլոր տեսակի հոգեբանական հնարքները: Օգտագործել են բոլոր տեսակի ստի մեխանիզմները: Սուտ, որի վրա կառուցված է եղել հենց այդ նպատակով հոգեբանական զանգվածային հոգեխանգարմունքի վիճակը», - նշել է նա:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համար զարմանալի չէ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը։ Միշտ էլ կասկածելի է թվացել ողջ կյանքը պետական պաշտոններ զբաղեցրած Հովսեփյանի և նախկին իշխանության ներկայացուցիչների և նրանց մերձավորների բարեկեցությունը, ասում է իրավապաշտպանը։
«Այդ տարիներին, իր պաշտոնավարման տարիներին աննկարագրելի մի պատկեր է եղել, և ես վստահ եմ, որ ցանկության դեպքում կարելի էր Աղվան Հովսեփյանին մի քանի ցմահ ազատազրկում տալ, բայց այս իշխանությունները ոչ ունակություն ունեն, ոչ էլ ցանկություն ունեն նման գործողությունների գնալու», - ասաց Կարապետյանցը:
Նախկին գլխավոր դատախազին առաջադրված մեղադրանքներով նախատեսված է առավելագույնը 12 տարվա ազատազրկում։