Թոնի Բլեյեր․ «Ամերիկան տեսանելի ապագայում չի ունենա ռազմական ներգրավվածության ախորժակ»

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերը, BBC կենտրոնակայան, Լոնդոն, 6 հունիսի, 2021թ.

Թալիբները պնդում են, թե Փանջշերում ճնշել են զինված դիմադրությունը, բայց Ազգային դիմադրության ճակատը հակադարձում է, թե չի հանձնվել և շարունակում է պայքարն այդ նահանգում:

Եվ այնուամենայնիվ ակնհայտ է, որ Թալիբանն արդեն հսկողության տակ է վերցնում Աֆղանստանի, եթե ոչ ամբողջ տարածքն, ապա առնվազն դրա գերագույն մասը:

Թալիբները վերադարձել են, և դա փաստ է, որի հետ Արևմուտքը պետք է հաշվի նստի: Ինչ վտանգներ են բխում նրանց հաղթանակից․ այս թեմային է անդրադարձել Թոնի Բլեյերը, որի վարչապետության օրոք Ամերիկայի վրա 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումից հետո Մեծ Բրիտանիան միացել է ավանդական դաշնակցին և զորք է ուղարկել Աֆղանստան:

Արևմտյան ուժերն այն տարիների թալիբների ղեկավարներից պահանջել են արտահանձնել Աֆղանստանում ապաստանած «Ալ-Ղայդայի» լիդեր Ուսամա Բին Լադենին և մերժում ստանալուց հետո՝ համատեղ ուժերով, ռազմական եղանակով, գրավել են Աֆղանստանը:

Տարիներ տևած որոնումներից հետո ամերիկացիները 2011-ի մայիսի 2-ին բացահայտել և ոչնչացրել են «Ալ-Ղայդայի» ղեկավարին, բայց պատերազմը շարունակվել է և ավարտվել է միայն այս տարվա օգոստոսի 31-ին:

Բրիտանիայի նախկին վարչապետի խոսքով՝ մահմեդական ծայրահեղականությունն այսօր էլ ամենավտանգավոր երևույթներից մեկն է:

«Իմ համոզմամբ, իսլամիզմը՝ և՛ գաղափարախոսությունը, և՛ դրա բերած բռնությունը, առաջին կարգի սպառնալիքներից են, որոնք, անտեսվելու դեպքում, նույնիսկ, եթե շատ հեռու են թվում, մի օր կհասնեն մեզ, ինչպես եղավ սեպտեմբեր 11-ին»,- ասել է Բլեյերը՝ Պաշտպանական հետազոտությունների միացյալ արքայական ինստիտուտի կազմակերպած համաժողովում, որի թեման այդ աննախադեպ դաժան ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցն էր:

Բլեյերն ասել է, որ ամերիկացիների հեռանալուց հետո Աֆղանստանի տարածքում նորից կարող են դիրքավորվել «Ալ-Ղայդա» և «Իսլամական պետություն» կառույցները:

«Հիմա ակնհայտ է, և դա հասկանալի էր նաև քիչ ավելի վաղ, որ Ամերիկան տեսանելի ապագայում առանձնապես չի ունենա ռազմական ներգրավվածության ախորժակ»,- ասել է Բլեյերը, նկատել տալով, որ Եվրոպան պետք է մտածի սեփական ուժերով վտանգները չեզոքացնելու անհրաժեշտության մասին:

Նախկին վարչապետի համոզմամբ, Բրիտանիան պետք է այդ հարցում առավել սերտ համագործակցի Եվրոպական միության հետ և մշակի ահաբեկչության հնարավոր օջախները բացահայտելու և մարելու հայեցակարգ: