«Դա շատ նենգ վիրուս է, խեղդում է, միանգամից հարվածում է թոքերիդ»

Վրաստանում կորոնավիրուսի չորրորդ ալիքն է, Թբիլիսիի հիվանդանոց, 10 օգոստոսի, 2021թ.

Վրաստանում մոլեգնում է կորոնավիրուսի չորրորդ ալիքը:

Ինչպես Հայաստանում, Վրաստանում ևս քովիդը «երիտասարդանում» է

Աշխարհում կորոնավիրուսի ախտահարումների ընդհանուր թիվը գերազանցել է 221 միլիոն 636 հազարը, մահացել է ավելի քան 4 միլիոն 583 հազար հիվանդ:

Այդ մտահոգիչ վիճակագրության մեջ իր տեղն ունի Վրաստանը. հարևան երկրի 3 միլիոն 980 հազար բնակիչներից վարակվել է 566 հազարը, մահացել է առնվազն 7 հազար 867 մարդ:

Վրաստանի առողջապահական համակարգի ղեկավարներն ահազանգում են, որ երկրում թափ է առնում համավարակի չորրորդ ալիքը:

Հիմա աշխարհում գերակայում է կորոնավիրուսի «դելտա», նույն ինքը՝ «հնդկական» տեսակը:

Ինչպեսև Հայաստանում, Վրաստանում էլ նկատվում է հիվանդացության «երիտասարդացում»: Սեպտեմբերի 2-ին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է քովիդով հիվանդ երիտասարդի մահվան մասին: Նույն կացությունը հարևանների մոտ է. «դելտան» ախտահարումների 90 տոկոսի պատճառն է դարձել: Հաճախ են վարակվում երիտասարդները, և նրանցից շատերը ծանր են տանում քովիդը:

«Մարդկանց կյանքի համար պայքարը դարձել է մեր սովորական վիճակը»

«Այս փուլում հիվանդների տարիքը շատ է երիտասարդացել, վարակը շատ արագ է տարածվում, ամեն օր պայքարում ենք մարդկանց կյանքի համար, ամեն օր, ամբողջ օրը, սա դարձել է մեր մշտական վիճակը: Հիմնականում կարողանում ենք հաղթել, բայց լինում են դեպքեր, երբ անզոր ենք, դա շատ մեծ ողբերգություն է բժիշկների համար, այստեղ աշխատող երիտասարդների համար», - ասել է Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Գուլնարա Կիլիպտարին:

Կորոնավիրուսի չորրորդ ալիքը մեծ դժվարություններ է ստեղծել: Ամեն օր վարակվում է 3-4 հազար մարդ, եղել են օրեր, երբ ցուցանիշը 5-6 հազարի է հասել:

Առաջին անգամ համավարակի բռնկումից ի վեր Վրաստանում բացել են դաշտային հոսպիտալներ, քանի որ հիվանդանոցները չեն հասցնում սպասարկել ախտահարվածներին: Մի քանի օր շարունակ կորոնավիրուսի զոհերի թիվը 60-80-ի է հասել:

«Ասողին լսող է պետք» իմաստուն խոսքը հրատապ է նաև Վրաստանում

Հարևան երկրի առողջապահական համակարգի աշխատողները զօրուգիշեր բնակիչներին կոչ են անում պատվաստվել՝ ասելով, որ միայն վակցինան թույլ կտա վերջ տալ հիվանդությանը, բայց «ասողին լսող է պետք» իմաստուն խոսքն արդիական է նաև Վրաստանում, որտեղ դեղին մամուլում, սոցցանցերում, բակային զրուցարաններում, տրանսպորտում կամ հանրային քննարկումներում հաճախ են հնչեցվում ցնդաբանություններ այն մասին, թե չար ուժերը վակցինան ստեղծել են ազգային գենը փոխելու, վրացիներին չիպավորելու և նենգ Սորոսի պատվերները կատարելու համար:

Շատերն էլ ասում են, թե կրոնական, էթնիկական, անձնական կամ ինչ-ինչ այլ պատճառներով կտրականապես դեմ են պատվաստմանը:

Վրաստանում մի ավանդական զանգված էլ, որը կա նաև Հայաստանում, պնդում է, թե այդ քովիդը սովորական գրիպ է, և «լավագույն դեղերն են լիմոնով թեյն ու մի բաժակ արդար տնական օղին»:

«Ակամա մտածում ես, որ հաջորդ զոհը դու ես»

Բայց, ավաղ, դա այդպես չէ, ահա մի պատմություն Վրաստանից: Թամունա Տանդաշվիլին 24 օր է անցկացրել Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

«Ամենաահավորն էր տեսնել, թե ինչպես են մահանում ուրիշները, որովհետև ակամա մտածում ես, որ հաջորդը դու ես, բոլորին հավասար ձևով են խնամում, բժիշկը բոլորին նույն շանսն է տալիս, ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես ես պայքարում վերապրելու համար», - ասել է Թամունան:

Նա առաջին անգամ վարակվել է այս տարվա փետրվարին, ապա հաջողացրել է երկրորդ անգամ վարակվել հունիսին:

Թամունան ասում է, որ հաստատ չէր վարակվի, կամ գոնե ավելի թեթև կտաներ հիվանդությունը, եթե պատվաստվեր: Որոշել էր պատվաստվել, միշտ ինչ-որ բան է խանգարել՝ գործեր, բիզնես, առօրյա խնդիրներ, արդյունքում 24 սարսափելի օր վերակենդանացման բաժանմունքում:

«Ինձ հետ ռեանիմացիայում 70 մարդ էր, և նրանցից ոչ ոք պատվաստված չէր»

«Գլխավոր խնդիրդ շնչելն է, դա շատ նենգ վիրուս է, խեղդում է, միանգամից հարվածում է թոքերիդ, կարող է ձեռքդ ցավալ, ոտքդ, առանց վերջույթների կապրես, բայց եթե չես շնչում՝ չես ապրի, ինձ հետ ռեանիմացիայում 70 մարդ էր, և նրանցից ոչ ոք պատվաստված չէր», - ասել է Թամունա Տնադաշվիլին, ով կազդուրվելուց հետո սկսել է ակտիվ քարոզել պատվաստվելու անհրաժեշտության գաղափարը:

Վրաստանի իշխանությունները լրագրողներին թույլ են տվել նկարահանումներ կատարել Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որ հանրությունը տեսնի, թե ինչ դաժան թշնամի է կորոնավիրուսը:

Վրաստանում գործում են մի շարք սահմանափակումներ, չի աշխատում տրանսպորտը, ուսումնական տարին առցանց է մեկնարկում, կառավարությունը չի ուզում նոր լոքդաուն սահմանել, քանի որ նախորդ երկուսը ծանր հարված են հասցրել տնտեսությանը և նպաստել են գործազրկության աճին: Ըստ վարչապետի, երրորդ լոքդաունին տնտեսությունը չի դիմանա:

«Վակցինա և դիմակներ, դա է պետք, որ երկիրը նորից չփակվի»

«Ելքը պատվաստումն է, բոլորին կոչ եմ անում պատվաստվել, մենք պարտավոր ենք բոլորին բացատրել, թե որքան է դա կարևոր, վակցինա և դիմակներ, դա է պետք, որ երկիրը նորից չփակվի և տնտեսությունը շարունակի վերականգնվել», - ասել է Իրակլի Ղարիբշվիլին:

Այսօրվա դրությամբ Վրաստանում վակցինայի երկու ներարկում է ստացել չափահասների 16 տոկոսը: Նպատակն է երկու դեղաչափ տալ 1 միլիոն 700 հազար բնակիչներին, ինչը կկազմի չափահասների 60 տոկոսը, դա է հավաքական իմունիտետի նվազագույն շեմը:

Հայաստանում երկու ներարկում է ստացել մոտ 108 հազար բնաիչ, դա կազմում է չափահաս բնակչության ընդամենը 6 տոկոսը: