Քաբուլում թալիբները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարար կանանց դեմ

Քաբուլում թալիբները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, ովքեր բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով կանանց ընդգրկել նոր կառավարությունում:

Ըստ աֆղանական աղբյուրների, մի խումբ կանայք և քաղաքացիական ակտիվիստներ փորձել են մոտենալ նախագահական նստավայրին, սակայն «Թալիբան» շարժումը արցունքաբեր գազ է կիրառել:

Նշենք, որ կանայք Քաբուլում բողոքի ցույց են անցկացրել նաև սեպտեմբերի 3-ին:

«Մենք՝ Աֆղանստանի կանայք, ծանր աշխատել ենք, սովորել ենք 20 տարի, բայց այսօր մեզ դուրս են շպրտում կառավարությունից: Մենք պայքարում ենք մեր իրավունքների համար», - ասել էր ցուցարար Հասինա Բախտարին: