«Նկատում ենք հիշողության խանգարումներ». ԵՊԲՀ հետազոտություն է անցկացնում քովիդը հաղթահարածների շրջանում

Ենթադրվում է, որ քովիդը հաղթահարած մարդկանց մոտ հնարավոր է որոշ հիվանդությունների երիտասարդացում, օրինակ, ալցհեյմեր, պարկինսոն, բազմակի սկլերոզ և ոչ միայն: Սա Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ)՝ շուրջ 1 տարվա հետազոտությունների նախնական արդյունքն է, որին մասնակցել է քովիդից բուժված շուրջ 1500 մարդ։

Համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ասում է՝ մոտ ապագայում առողջացած մարդկանց մոտ գլուխ կբարձրացնեն հիանդությունից հետո առաջացրած բարդությունները. «Օրինակ՝ նկատում ենք, ու ինչն է հետաքրքիր՝ միջին տարիքի անձանց մոտ հիշողության խանգարումներ, ակներև է, օրինակ, կենտրոնացման խանգարումը, հետո շարունակվելու են, այսպես կոչված, կոգնիտիվ խանգարումները, այսինքն՝ ճանաչողական ֆունկցիաների խանգարում, հիշողությունն է այդպիսին»:

Թե քովիդը հաղթահարած մարդկանց մոտ որքան երկար կմնան կենտրոնացման խանգարումն ու հիշողության կորուստը, ըստ Ենկոյանի, միայն երկարատև ու խորքային հետազոտությունից հետո է հնարավոր ասել։ ԵՊԲՀ-ի մասնագետների հետազոտմանը նաև համի, հոտի խանգարմամբ կամ աղավաղմամբ շուրջ 200 մարդ է մասնակցել։ Արձանագրվել են դեպքեր, երբ որոշ հետազոտվածների մոտ այս խնդիրը կտրուկ գլուխ է բարձրացրել քովիդից ապաքինվելուց ամիսներ անց։ Համալսարանում շարունակվում են հետազոտությունները հասկանալու համար, թե արդյոք համի, հոտի խանգարումները կարո՞ղ են պատճառ դառնալ ուղեղի կառուցվածքային փոփոխությունների՝ բացասական առումով:

«Այդ սպեցիֆիկ հոտի և համի տարբերությունները զգում է մեր գլխուղեղը: Մենք ի՞նչ ենք ուզում արդեն հասկանալ, կարո՞ղ է գլխուղեղում այս կամ այն կառույցը սկսում է այլ կերպ հասկանալ այդ ազդակը: Այստեղ ի՞նչն է հետաքրքիր, այստեղ ոչ թե մեզ գուցե այնքան հետաքրքիր է, թե ինքը ինչու է զգում դա այլ կերպ, այլ մեզ հետաքրքիր է՝ ոնց հասավ ուղեղ: Եթե այնտեղ է հասնում, չի բացառվում՝ այլ կառույցներ հասնի ուղեղի, որովհետև ուղեղն ունի տարբեր կառույցներ, կարող է դրան հետևեն այլ խանգարումներ, այսինքն այստեղ նաև մեզ պետք են գալու բարձր տեխնոլոգիական հետազոտություններ», - ասաց Ենկոյանը:

ԵՊԲՀ-ի ուսումնասիրություններին մասնակցած ու քովիդը հաղթահարած 1500 քաղաքացիներից ուսումնասիրություններին կցված է լրացուցիչ 8000 թեստ: Նրանցից 6-7 տոկոսի մոտ հիվանդությունից հետո հակամարմին չի հայտնաբերվել: Համալսարանի մասնագետները նաև նշում են, համոզվել են՝ COVID-19-ով հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի, սակայն արձանագրվել է 12 դեպք, երբ հակամարմին առհասարակ չի հայտնաբերվել, իսկ 16 մարդու մոտ դրանք հայտնաբերվել են բավականին ուշացած։ Արձանագրվել է նաև 1 դեպք, երբ հակամարմին ունեցողը նորից վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ:

Գրեթե բոլոր պատվաստանյութերն, ըստ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտորի, ստեղծվում են S տեսակի հակամարմինների համար, ըստ այդմ համալսարանում հիմա որոշվում է երկու տեսակի հակամարմինների թիվը քովիդ տարած մարդու օրգանիզմում։

Թե որո՞նք են դրանք և որքանո՞վ են կարևոր՝ «Ազատության» զրուցակիցը բացատրում է. «Պատկերացրեք ունենք վիրուսային մոլեկուլ, կան սպիտակուցներ, որոնք գտնվում են մակերեսին և կան, որոնք գտնվում են այդ բջիջի ներսում: Հիմա այդ սպիտակուցը գտնվում է մակերեսին և երբ մեր հարուցիչը, վիրուսը գալիս է, մեր բջիջներն արդեն պատրաստ են իրան ընդունելու, և իրանք չեզոքացնում են հենց այդ վիրուսի մակերեսում գտնվող այդ սպիտակուցը, դրա համար վակցինաների մեծ մասը բարձրացնում են հենց մեր մոտ S տեսակի հակամարմինները: Իրենք հանդիպում են հենց վիրուսի առաջին շերտին և հանդիպման վայրում, կարելի է այսպես ասել, վիրուսի համար մահվան համբույր է տեղի ունենում: Այդ համբույրից հետո վիրուսը պետք է ոչնչանա»:

Բժշկականի մասնագետները նաև ուսումնասիրում են՝ COVID-19-ի հնարավոր ազդեցությունը երեխաների նյարդահոգեբանական զարգացման վրա. «Մենք 1-2 ամսական երեխաների որոշակի խումբ ունենք, որոնց սկսել ենք հետազոտել և մեզ հետաքրքիր է՝ արդյոք երեխայի զարգացման վրա քովիդը կազդի, թե ոչ: Այսինքն՝ հիմնականում դա նյարդային զարգացման դաշտում 1-2 ամսականին պետք է մինչև 2-3 տարեկան հսկենք, որպեսզի պատկերը լինի ավելի ամբողջական, որովհետև երեխայի զարգացման շրջանում կան այսպես կոչված տարբեր ստուգման շրջաններ, և մենք պետք է կարողանանք օբյեկտիվ դա գնահատել»:

Այս բոլոր հետազոտությունները խիստ նախնական են, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ասում է՝ իրենց բավականին երկար ժամանակ է հարկավոր ավելի խորն ուսումնասիրությունների համար։