«Ոսկե ծիրան»-ը կմեկնարկի «Ահեղի ծունկը» ֆիլմով. կժամանեն հանրաճանաչ հյուրեր

«Ոսկե ծիրան» միջազգային 18-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Կինոփառատոնը մեր հանրության կողմից ամենաշատ սպասված մշակութային իրադարձություններից մեկն է, որն, ինչպես այսօր կինոփառատոնի կազմակերպիչների կողմից հրավիրված ասուլիսին շեշտում էր ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, իր յուրահատուկ դերն ունի մեր երկրի համար:

«Փառատոններն այսօր դարձել են հանրային ինքնահաղթահարման ակցիաներ: Մենք, ըստ էության, սրանով հաստատում ենք կյանքի շարունակականությունը, հաստատում ենք մշակութային պրոցեսների և հանրային հարաբերությունների շարունակականությունը: Շատ ավելի կարևոր է այս իրավիճակում, այս պայմաններում գտնել այդ ուժը և թույլ չտալ, որ կարևորագույն պրոցեսներն ընդհատվեն: Սա միայն ներքին բարոյահոգեբանական վիճակի հաղթահարման ակցիա չէ և միջոց չէ», - ասաց փոխնախարարը:

Խզմալյանը շարունակեց. «Մենք գիտենք, թե համավարակի պայմաններում որքան դժվար է հրավիրել մարդկանց, ճանաչված մարդկանց, միջազգային ճանաչում ունեցող մարդկանց և ապահովել այդ կենդանի շփումը: Մենք տարբեր մեր մշակութային միջոցառումների ժամանակ մեր հյուրերից մի բան ենք լսում, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, նույնիսկ շատ-շատ եվրոպական երկրներում չեն համարձակվում գնալ այդ քայլին, և պարզապես այդ մարդկային կենդանի շփման, հաղորդակցության ապահովումն այս պայմաններում երբեմն գերազանցում է բուն փառատոնի խնդիրներն ու նպատակները: Ըստ էության, փառատոնների վրա դրվում են շատ ավելի լուրջ խնդիրներ, քան փառատոնները պիտի ունենային»:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները շատ հետաքրքիր ծրագիր են կազմել: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել բոլորովին վերջերս հեղինակավոր միջազգային կինոփառատոնների մրցանակներին արժանացած շատ ուշագրավ ֆիլմեր, հանդիպել արտասահմանյան հեղինակավոր կինոգործիչների, ովքեր այդ օրերին Հայաստան կժամանեն:

«Այս մարդկանց ներկայությունը մեր մշակութային միջոցառումների ժամանակ, իրադարձությունների ժամանակ նաև մեզ օգնում է, որ մենք բեկենք այդ պատկերացումը և թույլ չտանք, որ երբևէ միջազգային տեղեկատվական դաշտում Հայաստանը դիրքավորվի և ներկայացվի որպես վտանգավոր, ռիսկերով լեցուն, պատերազմ վարող պետություն», - նկատեց Արա Խզմալյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի փոխանցմամբ` փառատոնը կմեկնարկի իսրայելացի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեղի ծունկը» ֆիլմով, որն այս տարի արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին. «Ինչո՞ւ են ընդհանրապես փառատոնները շարունակվում գոյատևել, և ինչո՞ւ է կարևորությունը հենց փառատոնի, երբ կինոն հիմա բոլորի տներում է, որովհետև դա ոչ միայն ինչ-որ պատկերի կամ ինֆորմացիայի ընկալում է, այլ հավաքական փորձառություն է և հավաքական ծես, բայց բառի ինչպես դասական, այնպես էլ ամենաառաջադեմ իմաստով, և այս դեպքում եթե բովանդակությունն ուղղված է այդ հավաքական հաղթահարմանը, ապա կինոփառատոնը ստանձնում է լրիվ այլ նպատակ և ունի լրիվ այլ թիրախ»:

Ինչ վերաբերում է ետպատերազմյան շրջանին, նա ասաց. «Մենք ունենալու ենք շատ ֆիլմեր, որոնք նվիրված են այդ թեմային` տղաներ, պատերազմական համախտանիշի տռավմայի, ցավի հաղթահարմանը: Բառը երևի շատ կշեշտադրվի և կարծարծվի, կարծում եմ, ցավով, բայց արդարացված, որովհետև համարում ենք, որ որքան էլ ողբերգական է հնչում, բայց պատերազմը նույնպես համամարդկային երևույթ է, որքան էլ և աղետալի, որովհետև բազում պետություններ այս կամ այն պատմական հատվածում անցել են դրա միջով»:

Կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանն ընդգծում է, որ հանդիսատեսը վստահաբար չի կարող անտարբեր մնալ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելիք ֆիլմերի նկատաամբ. «Առավել, քան երբևէ շեշտը դրվել է հենց ֆիլմերի վրա, քանի որ ցավոք, աշխարհում տիրող իրավիճակի պատճառով ունենալ հյուրեր և ունենալ հյուրեր մեծ թվով դժվար է ոչ միայն «Ոսկե ծիրան»-ի, այլ նաև բոլոր փառատոնների համար, և կոմպենսացնելով այդ բացը` մենք որոշել ենք հանդիսատեսին մեծ թվով հրաշալի ֆիլմեր ներկայացնել ոչ միայն մեր մրցութային ծրագրերում, այլև մրցույթից դուրս»: