Հայաստանում է Ռուսաստանի ՊՆ ռազմական մասնագետների պատվիրակությունը

Հայաստանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությունը։ Նրանց երեկ ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ նրանք Հայաստանում են՝ հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակության ղեկավար, գեներալ-մայոր Վալերի Ժիլան Կարապետյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, Կարապետյանն իր հերթին նշել է հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը: Թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվում, պաշտոնական հաղորդագրությունում մանրամասներ չեն ներկայացվել։ «Ազատությունը» փորձեց տեղեկություն ստանալ պաշտպանության նախարարությունից, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծ են քննարկում։ Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը:

Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ նման նախագծեր քննարկվում են Ղրղըզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ, իսկ Ռուսաստանի և Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացման փուլում է։

Նշենք, որ Հայաստանն ու Ռուսաստանն արդեն իսկ ունեն հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դեռ 2016-ին Ազգային ժողովը վավերացրել էր «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ Նշվում էր, որ տարածաշրջանում ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է:

«Միավորված ՀՕՊ համաձայնագիրը դիտարկվում է որպես հաջորդ փուլ։ Էստեղ կասկածից վեր է, որ զուտ տեխնիկական առումով դա կարող է ավելացնել հայկական ՀՕՊ հնարավորությունը, բայց կա անշուշտ առանցքային հարցը՝ քաղաքական հարցն է, թե որքանով Ռուսաստանը քաղաքականապես շահագրգռված կլինի այս կամ այն իրավիճակում ՀՕՊ իր կարողությունները ամբողջապես դնել Հայաստանի խնդիրների ու շահերի տրամադրության տակ», - նշեց Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ այսօր հայկական զինուժի արդիականացման և հետպատերազմյան վերականգնման առանցքային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց Հակոբ Բադալյանը միևնույն ժամանակ ընդգծում է. «Դարձյալ էստեղ կա թե քաղաքական խնդիրը, այսինքն՝ որքանով է Ռուսաստանը շահագրգռված լինելու իսկապես Հայաստանին մատակարարել արդիական և որակյալ սպառազինություն, և անշուշտ կա այն խնդիրը, որ Հայաստանը, այդուհանդերձ, պետք է ձգտի ընդլայնել իր գործընկերների թիվը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ այսօր համաշխարհային քարտեզի վրա առաջատար անվտանգային բևեռը դա հյուսիսատլանտյան բևեռն է: Եթե մենք խոսում ենք արդիականացման մասին, ապա կարծում եմ՝ առանցքային հարց պետք է լինի առավելագույն հնարավորությունն օգտագործել այդ բևեռի հետ համագործակցության համար»:

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նշանակումից հետո՝ օգոստոսին, նախ առաջին աշխատանքային այցով եղել էր Ռուսաստանում, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության և այլ հարցերի շուրջ քննարկումներ էր իրականացվել, հանդիպել ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ։ Վերջինս հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին բանակի արդիականացման ու վերակազմավորման հարցում։

ՌԴ պաշտպանության նախարարն անգամ իր գործընկերոջը, դաշույն նվիրելով, ասել էր. - «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել Մոսկվայում։ Սակայն զինատեսակների ու մատակարարման ժամկետների մասին այս դեպքում ևս ոչինչ հայտնի չէ։

Վերջին շրջանում պարբերաբար հրապարակվող հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին պաշտոնական հայտարարությունները կամ օրինակ՝ Հայաստանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակության այցը, քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ պաշտոնական Երևանի համար միտված են Հայաստանի բանակի արդիականացմանն ու վերակազմավորմանը։

«Էստեղ, անշուշտ, որոշակի քաղաքական անհրաժեշտություն կա նաև Ռուսաստանի համար, որովհետև որքան էլ ռուսները հարաբերվում են, գործընկերային են գնահատում Թուրքիայի և Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունը, այդուհանդերձ, իրենք էլ չեն թաքցնում և սա օբյեկտիվ անհրաժեշտություն է իրենց համար բալանսը պահելու, հատկապես այս պատերազմից հետո նոր ձևավորված ստատուս-քվոյի բալանսը պահելու անհրաժեշտություն է։ Որովհետև Ռուսաստանը էստեղ երկակի վիճակում է հայտնվել՝ մի կողմից կարծես թե լուծել է Արցախում իր ներկայության հարցը, մյուս կողմից, այդուհանդերձ, այդ ռազմական ներկայությունը կախված է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունից: Եվ էստեղ Ռուսաստանի համար շատ կարևոր է հակակշռել այդ քաղաքականությանը, իսկ դրանց մեխանիզմներից մեկը հայկական պաշտպանունակության ամրությունն է», - ասաց Բադալյանը: