Մեծ Թաղերի բնակիչ Յակով Ալթունյանը՝ Արցախի որբության, կազմակերպված պարտության ու անպայման վերադարձի մասին

«Արցախը հիմա որբի պես է», - հուզվում է Յակով Ալթունյանը՝ Հադրութի Մեծ Թաղերից: Գիտի նաև որբին օգնելու ձևը. «Չեն դավաճանում, պիտի սիրո մեջ ապրի ընտանիքը»:

Մեծ Թաղեր գյուղը 44-օրյա պատերազմում անցավ Ադրբեջանին՝ ավելի քան 121 գյուղերի հետ, Յակով Ալթունյանը 90-ականներին Արցախի առաջին պատերազմի առաջին ջոկատի մարտիկներից էր, այդ պատերազմում էլ արկի պայթյունի հետևանքով կորցրել է երկու ոտքերն ու արդեն 28 տարի անիվների վրա է: 44-օրյա պատերազմից հետո՝ այս օրը՝ Արցախի անկախության օրը, տո՞ն է տուն-տեղ կորցրած ու ընտանիքով Աբովյան քաղաքում հաստատված ազատամարտիկի համար:

«Իհարկե, տոն է, երբ իմ կյանքի 30 տարին անցել է այդ հաղթանակի շվաքում, իհարկե, տոն է: Էդ ուրիշ բան՝ ինձ նմանները գնահատվել են կամ չեն գնահատվել, բայց ես եմ գնահատողը եղել», - ասաց Ալթունյանը:

Ազատամարտիկը հիշեցնում է «Մարտական խաչ», «Մարտական ծառայության» մեդալների մասին. «Մեդալը չի գնահատականը, գնահատականը այն կլիներ, որ մենք համերաշխորեն նշեինք այս օրը, համերաշխության մեջ մեկս մյուսին գնահատեինք»:

Արցախցի-հայաստանցի տարբերակումը նրան հունից հանում է՝ Շուռնուխը, Հադրութը, Երասխը նույն չե՞ն, հայեր չե՞ն, հարցնում է Ալթունյանը: Նեղսրտում է, զայրանում՝ 44-օրյա պատերազմի մասին խոսելիս՝ Մեծ Թաղերում է եղել մինչև հոկտեմբերի 12-ը, կնոջ հետ հեռացել են վերջին բնակիչների հետ. «Մեր 44-օրյա պատերազմը կոչվում է, ես ինքս եմ այդպես ինձ համար համարում՝ կազմակերպված պարտության պատերազմ, որը կազմակերպել են ուրիշները մերոնց ձեռքերով, իսկ մերոնք չեն հասկացել՝ ինչ են անում, միգուցե հասկացե՞լ են»:

Պաշտպանություն չեղավ, ասում է նա, նույնիսկ նահանջը չէր կազմակերպվում. «Ոչ մեկը չի կազմակերպել պաշտպանություն, որովհետև հնարավոր չի եղել պաշտպանությունը կազմակերպել: Հենց այն մարդիկ, որ ուզում էին կազմակերպել պաշտպանությունը, միանգամից աջից, ձախից հեղինակազրկում էին: Կարող ուժեր կային, որ կարող էին պաշտպանել»:

Մեծ Թաղերից հեռացել են՝ պապական տանը թողնելով մի քանի սերունդների հիշատակներ, նաև 90-ականների պայքարի վկայություններ՝ թռուցիկներից մինչև Գորբաչովին ուղղված հեռագրեր: Ազատագրական այդ պայքարի արդյունքում ծնված անկախ Արցախի որբությունն, ըստ Ալթունյանի, ժամանակավոր է, պետք է վերադառնան. «Պիտի գնանք հետ, բոլորը պիտի գնան հետ: Օրինակ՝ ես չեմ կարծում, թե օտարներից մեկը մեզ համար մի բան կանի, ես չեմ մտածում այդպիսի բան»:

Աշխարհի հզորների, այլ պետությունների հետ Ալթունյանն առաջարկում է հույս չկապել, պետք է գնալ ու շատ երեխաներ ունենալ այնտեղ՝ Արցախում: Հարցնում է՝ ինչպե՞ս է Ռուսաստան արտագաղթած արցախցին՝ Արցախի անկախության ճանաչումից խոսելու. - «Եթե հնարավոր լիներ, ստեղծվի Արևմտյան Հայաստանի ինչ-որ մի տարածք անունով հայրենակցական միություն, ոնց որ հիմա կա էլի՝ Հադրութի միությունները, գնան ինչ-որ մի դեսպանատան առաջ ասեն՝ ճանաչեք Նախիջևանը, ճանաչեք Կարսը որպես անկախ պետություն, դե թող ճանաչեն, թող կազմակերպեն Նախիջևանը ճանաչել տան: Առանց հայ կճանաչե՞ն, կլինի՞ տենց բան»:

Յակով Ալթունյանի որդին ժամկետային զինծառայող է, հրետանավոր, 44-օրյա պատերազմի օրերին՝ անցել է Ջաբրայիլի, Շուշիի թեժ կետերով, 5 ամսից տուն կգա, հույս ունեն՝ Արցախում մինչև այդ կացարանը պատրաստ կլինի: Մեծ դուստրը ամուսնացած է, ընտանիքի հետ Ստեփանակերտում է, իսկ փոքրը՝ Աննան, առայժմ Աբովյանում է դպրոց գնում՝ մտքում Մեծ Թաղերի դպրոցի սիրելի կանոններն են: Դպրոցը հիմա լուսանկարում է:

Ոչ միայն դպրոցական հետագա տարիները, ապագան էլ 11-ամյա Աննան պատկերացնում է միայն Արցախում. «Աշխատելու եմ ծրագրավորող Ղարաբաղում»:

Ընտանիքը Մեծ Թաղերում խաղողի այգի էր հիմնել, Յակով Ալթունյանը չոր, դառը գինի էր պատրաստում, վաճառում խաղողն էլ, գինին էլ: Երբ գյուղն Ադրբեջանին անցավ խաղողի միայն կեսն էին քաղել: Կինը՝ Իննան հիշում է՝ գինու փառատոններին էին մասնակցում: «Ամենասիրունը մեր սեղանն էր», - ասում է նա:

Իննան տասներորդն ավարտելուն պես է ամուսնացել Յակով Ալթունյանի հետ, նա այդ ժամանակ արդեն անիվների վրա էր, հաշմանդամությամբ: 8 տարի առաջ «Ազատության» տեսախցիկի առջև Մեծ Թաղերի գեղեցկուհիներից Իննան պատմում էր, թե ինչպես հակառակվեց ծնողների կամքին: «Ով սկսում է ճանաչել Յակովին, այլև չի հարցնում, թե ինչու ամուսնացա նրա հետ», - ասում է Իննան:

Սալորաչիր է պատրաստել Աբովյանում, ամուսինը կատակում է՝ փախստականի չիր է: Դժվարն այժմ ընտանիքի համար Մեծ Թաղերից հեռու ապրելն է՝ Իննային Աբովյանի միրգը անսահման անհամ է թվում. «Բնական չի, լավը չի: Քաղաքի կյանքը չեմ սիրում, ես սիրում եմ հողի հետ շփվել, սիրում եմ մեր մաքուր օդը: Մեր հարստությունը մեր ազատությունն էր»:

«Ազատությունը, որ լարված չես ապրում, շուրջդ աղմուկ չկա և կա սարեր», - կոնկրետացնում է Իննան՝ նշելով. «Էդ օդը, որ մաքուր չի, էդ, որ սար չես տեսնում, էդ, որ ծառ չես տեսնում, էդ ամեն ինչը»: