Բայդենի և Զելենսկու անդրանիկ հանդիպումը նախագահների պաշտոնում
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Ռուսական ագրեսիայի պայմաններում Միացյալ Նահանգները վճռականորեն վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարելու հանձնառությունը և մեր աջակցությունն Ուկրաինայի եվրոատլանտյան ձգտումներին»,- ասել է Բայդենը:
Դա ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենի առաջին դեմ առ դեմ հանդիպումն է Զելենսկու հետ:
Գազատարը՝ ռուսական աշխարհաքաղաքական զենք
Բանակցությունների օրակարգում ռուս-ուկրաինական առճակատմանը և ՆԱՏՕ-ին անդամակցելուն առնչվող թեմաներից զատ նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի խնդիրն է:
Ուկրաինան, Միացյալ Նահանգները և մի շարք եվրոպական երկրներ այդ ծրագիրը համարում են ռուսների ձեռքում զենք, որով նրանք էներգետիկ կախվածության տակ են պահելու վառելիքի գնորդներին և տնտեսականից բացի, նաև քաղաքական ճնշում են բանեցնելու նրանց վրա:
«Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը գրեթե ավարտվել է: Այն Ռուսաստանից Բալթյան ծովով պետք է վառելիքը հասցնի Գերմանիա՝ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա դաշնային երկրամասում գտնվող Լյուբմին առափնյա ավան, որտեղից էլ կփոխադրվի գերմանական տարբեր երկրամասեր և եվրոպական պետություններ:
Վաշինգտոնը տարիներ շարունակ պայքարել է այդ ծրագրի դեմ, փորձել է գերմանացիներին համոզել՝ հրաժարվել դրանից, այդ նույն դիրքորոշումն են դրսևորել Լեհաստանը և Բալթյան երեք հանրապետությունները, սակայն Բեռլինը չի ենթարկվել ճնումներին, և, ի վերջո, Բայդենն ասել է, որ այլևս հրաժարվում է ծրագիրն արգելափակելու մտադրությունից:
Զելենսկին մտադիր էր Բայդենի հետ այդ հարցը քննարկել, որովհետև գազատարի շահագործումը Կիևին կզրկի Ուկրաինայի տարածքով Արևմուտք ռուսական գազի տրանզիտից ստացվող միլիարդավոր դոլարների եկամուտից:
Զելենսկին ուզում է լսել հստակ «այո» կամ «ոչ» ՆԱՏՕ-ի հարցում
Զելենսկին Վաշինգտոնում ցանկանում է հստակ պարզաբանումներ ստանալ ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի իրական հնարավորությունների վերաբերյալ:
Այս տարվա հունիսին, երբ հաղորդվեց լուրը Զելենսկու Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին, նա հայտարարեց, թե ուզում է Բայդենից լսել հստակ «այո» կամ «ոչ» Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի միանալու հեռանկարի վերաբերյալ:
Զելենսկին երեկ Սպիտակ տանը հենց այդ հանգամանքն է ընդգծել, ասելով, որ կցանկանար կոնկրետ ժամկետների մասին լսել:
60 միլիոն դոլար Ուկրաինայի բանակին
Նախօրեին Վաշինգտոնը հայտնել է, որ մոտ 60 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Կիևին:
Սպիտակ տունը Կոնգրեսին տեղեկացրել է, որ օգնությունն անհրաժեշտ է, քանի որ անմիջապես Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանը վերջին ամիսներին լուրջ ռազմական ակտիվություն է ծավալել, ռուսների հրետանին և հրթիռային համակարգերը պարբերաբար խախտում են հրադադարը, ագրեսիվ հարևանն այլ սադրանքների է դիմում:
«Ռուսների կողմից ռազմական կարողությունների ավելացմանը զուգահեռ նկատելի են դառնում ուկրաինական բանակի թերությունները, որոնք անհրաժեշտ է անհապաղ վերացնել, քանի որ դրանք ծանր հետևանքների կհանգեցնեն ռուսական հարձակման դեպքում»,- ասվում է օգնության անհրաժեշտությունը հիմնավորող նամակում, որը Սպիտակ տան վերլուծաբանները փոխանցել են սենատորներին:
«Մենք վերականգնում ենք մեր երկու երկրների ռազմավարական գործընկերության հանձնաժողովը և կազմում ենք պաշտպանության բնագավառում ռազմավարական նոր նախաձեռնություն ու տրամադրում անվտանգային աջակցության 60 միլիոն դոլարի փաթեթ»,- ասել է Բայդենը:
Կիևը Վաշինգտոնին առաջարկում է միանալ բանակցություններին
Հանդիպումից հետո Զելենսկին ասել է, թե Բայդենին առաջարկել է քննարկել Դոնբասի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին Միացյալ Նահանգների մասնակցելու հնարավորությունը:
Արևելյան Ուկրաինայի խնդրով զբաղվում է «Նորմանդյան քառյակը», որի կազմում են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: «Արդյո՞ք այդ ձաչափի մասին է», հարցին Զելենսկին արձագանքել է՝ «Որևէ ձևաչափ»:
Ռուսաստանը մի քանի անգամ նկատել է տվել, որ չի ողջունում Ամերիկայի հնարավոր միանալն այդ բանակցություններին:
Ամերիկյան կողմից հստակ պատասխան չկա, Զելենսկու խոսքով, Բայդենի թիմը քննարկելու է դրա հնարավորությունը: Ըստ Զելենսկու, Բայդենը հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում կայցելի Ուկրաինա:
ՆԱՏՕ-ին միանալու համար զարգանալ է պետք
Բայդենը Զելենսկուն, ամենայն հավանականությամբ, հստակ խոստում չի տվել ՆԱՏՕ-ի հարցով:
Ամերիկյան կողմը նշել է, որ Ուկրաինան պետք է ավելի ակտիվ իրականացնի բարեփոխումները, խստացնի պայքարը կոռուպցիայի դեմ:
Այդպես Վաշինգտոնում ուկրաինացիներին անուղղակի նկատել են տվել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկիրը նախ պետք է էական զարգացում ապահովի տարբեր ուղղություններով: Այդպիսով, Զելենսկուն հստակ «այո» չեն ասել, բայց հստակ է նաև, որ չեն ասել «ոչ», և դուռը բաց է մնացել:
«Նրանք բարեկամություն են անում Ռուսաստանի դեմ»
Ռուսաստանում Զելենսկու այցը փորձում են որակել որպես ձախողում, բոլոր ալիքներով հեգնում են, թե նա գնացել է Ամերիկա փող մուրալու, սակայն դրա հետ հանդերձ մտահոգություն են հայտնում այն առումով, որ Վաշինգտոնը ռազմական օգնություն է տրամադրում Կիևին:
Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Կիևի և Վաշինգտոնի բարեկամության հիմքը հակառուսական է:
«Նրանք բարեկամ են դարձել ոչ թե իրենց համար, այլ Ռուսաստանի դեմ, և դա ափսոսանք է առաջացնում»,- ասել է Պեսկովը: