Ռուսաստանը չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Աֆղանստանում իշխանության եկած թալիբների և նրանց դիմադրող ուժերի միջև, որոնք կենտրոնացել են Քաբուլից հյուսիս գտնվող Փանջշերի հովտում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով` Փանջշերում իրադրության խաղաղ կարգավորման հարցում լուրջ անելիք ունի պաշտոնական Դուշանբեն։
«Տաջիկստանի մեր դաշնակիցներին առանձնահատուկ դերակատարություն է վերապահված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փանջշերի հովտում հենց աֆղանական տաջիկներն են բանակցություններ վարում թալիբների կենտրոնական կառավարության հետ։ Հուսով եմ, որ այդ բանակցությունները չեն դադարեցվի և կավարտվեն համաձայնեցված լուծմամբ», - նշում էր Լավրովը։