Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի 96-րդ համերգաշրջանի առաջին համերգը կղեկավարի Կարեն Դուրգարյանը

Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 96-րդ համերգաշրջանը, որի առաջին համերգը կղեկավարի Կարեն Դուրգարյանը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը գտնվում է արտասահմանում:

Համերգային ծրագիրն ընդգրկում է Ռախմանինովի 2-րդ դաշնամուրային կոնցերտը և Չայկովսկու 6-րդ՝ «Պաթետիկ» սիմֆոնիան: Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա դաշնամուրային երկերի վիրտուոզ մեկնաբանությամբ հայտնի դաշնակահար, Բելգիայում բնակվող Աշոտ Խաչատուրյանը: Նա մինչ այսօրվա համերգը Հայաստանում այս տարվա փետրվարին է հանդես եկել, իսկ դրանից առաջ 10 տարի հայրենիքում չէին հնչել նրա կատարումները:

Այսօր համերգից առաջ հրավիրված ասուլիսին Աշոտ Խաչատուրյանը շեշտեց, որ պարզապես արտասահմանյան տարբեր նվագախմբերի կողմից հրավերները շատ-շատ էին և ոչ մի հնարավորություն չէր ստեղծվում Հայաստանում համերգներով հանդես գալու համար:

Մաեստրո Կարեն Դուրգարյանն էլ նշեց, որ մեկ ամսում առնվազն 15 համերգ է ունենում արտասահմանում, բայց այս անգամ հնարավորություն կար և սիրով ընդունեց Էդվարդ Թոփչյանի հրավերը՝ ղեկավարելու Հայաստանի ազգային նվագախմբի 96-րդ համերգաշրջանի առաջին համերգը:

«Նախ պետք է շնորհակալությունս հայտնեմ մաեստրո Թափչյանին և ֆիլհարմոնիկ նվագախմբին, որովհետև մեծ պատիվ է համերգաշրջանը բացել: Մահեստրո Թոփչյանը գրեթե ամեն տարի է հրավիրում, որպեսզի ես ելույթ ունենամ, բայց, ցավոք, ժամանակը չէր հերիքում: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ, որովհետև հավատացեք մոտ 20 տարի, եթե ոչ ավելի, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ չեմ ունեցել, պատճառը զբաղված լինելն է եղել», - ասաց Դուրգարյանը:

Չնայած մեծ զբաղվածությանը Կարեն Դուրգարյանը իր համաձայնությունն է տվել ԿԳՄՍ նախարարության առաջարկությանը ղեկավարելու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և այսօր վստահություն էր հայտնում, որ հրաշալի համագործակցություն է սպասվում ֆիլհարմոնիկ նվագախմբի և օպերային թատրոնի միջև: Անդրադառնալով օպերային թատրոնում իր առաջիկա գործունեությանը Կարեն Դուրգարյանը շեշտեց, որ ամենակարևորը ճիշտ կազմակերպչական աշխատանքն է:

«Կրածում եմ դա է կարևորը՝ կազմակերպել, որովհետև օպերային արվեստ, օպերային թատրոն, այդ հեծանիվը հորինված է, ուղղակի մեզ մոտ մի քիչ քանդված է և քանդված է ոչ թե այսօր կամ երեկ, 30 տարի սովետական ժամանակահատվածից հետո ինքը երկրաշարժի է ենթարկվել, հիմա պետք է շտկել, իսկ որպեսզի շտկել, պետք է համախմբել բոլոր պրոֆեսիոնալ ուժերը», - նշեց նա:

«Ազատության» հարցին, թե իր կարծիքով ի՞նչ դեր է խաղում այսօր դասական երաժշտությունը համավարակային և հետպատերազմյան Հայաստանում Կարեն Դուրգարյանը պատասխանեց. «Պատմությունը միշտ կրկնվում է. դարերով վարակներ եղել են, պատերազմներ եղել են, ամեն ինչ եղել է: Երաժշտությունը Աստծու խոսքն է, դա աստվածային է, հիմա այս կոմպոզիտորը որ գրել է, Աստծու խոսքը փոխանցել է մեզ իբրև կատարող, մենք էլ՝ իբրև փոխանցող հանդիսատեսին, հետևաբար, երաժշտությունը աստվածային է, իսկ Աստծու գործերում մենք չենք կարող խառնվել, և ես ո՞վ եմ, որ կարծիք հայտնեմ այդ թեմայով: Երաժշտությունը մաքուր մի բան է»: