Սեպտեմբերի 2-ին Արցախը տոնում է Հանրապետության օրը: Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի ղեկավարները։
«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով»
Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և ունի Հայաստանի և համայն հայության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը, տոնի առիթվ իր ուղերձում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է և այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։
Փաշինյանը վերահաստատել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ՝ վկայակոչելով նաև համանախագահ պետությունների հայտարարությունները։
«Հակամարտությունը սպասում է իր համապարփակ կարգավորմանը՝ խաղաղ գործընթացի միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկված և պաշտպանվող հանրահայտ սկզբունքների հիման վրա», - նշել է Փաշինյանը՝ պնդելով՝ գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։
Ըստ վարչապետի՝ Մինսկի խմբի համանախագայության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսումը նաև նշանակալից գործոն կդառնա տարածաշրջանում կայունության հաստատման և պահպանման համար։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ 21-րդ դարում ազգերը չեն կարող գոյատևել, լինել մրցունակ և զարգանալ՝ առանց տնտեսական և գիտական առաջընթացի համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների։ Ուստի արտաքին միջավայրի կայունությունը, տևական խաղաղությունն իրապես դառնում են ժամանակի հրամայական տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Համահայկական փորձությունը հաղթահարելու համար համազգային միասնություն ու համախմբում է անհրաժեշտ»
1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը, նշել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով՝ «այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում»:
Ցավակցելով պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին` նախագահը շեշտել է՝ համահայկական փորձության առջև ենք, հաղթահարելու համար` համազգային միասնություն ու համախմբում է անհրաժեշտ:
«Արցախի անվտանգության ապահովման ու բնակչության կյանքի անձեռնմխելիության, Ադրբեջանի կողմից նոր պատերազմի շարունակական սպառնալիքի, Արցախի կարգավիճակի, սոցիալ-տնտեսական և մարդասիրական հարցերը համազգային օրակարգի առաջնահերթություններ են», - ասել է Արմեն Սարգսյանը՝ շեշտելով՝ «այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք»։
«Պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել սեփական հայրենիքում»
«Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում`կերտել Արցախի Հանրապետությունը», - իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտելով՝ պետք է առաջնորդվել ազգային արժեքներով, միջազգայնորեն ամրագրված իրավունքներով։
Ընդգծելով, որ պետականաշինության ճանապարհին Արցախը մեծ ձեռքբերումներ ու կորուստներ է ունեցել՝ Արցախի նախագահը մարդկային կորուստներն անդառնալի միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող է համարել։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: