Սեպտեմբերի 19-ին կայանալիք Պետդումայի ընտրություններին ընդառաջ ռուսաստանյան քաղաքական կյանքն ակտիվացել է, ակտիվացել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այսօր Պուտինն, օրինակ, հեռավոր արևելքում հանդիպել է ռուսաստանցի դպրոցականների հետ և մի շարք հայտարարություններ արել` Աֆղանստանից մինչև պատմություն։
Ռուսաստանի նախագահը, ով նախկինում հատուկ ծառայությունների փոխգնդապետ էր, պարբերաբար հայտարարում է, որ մանկությունից երազել է հետախույզ դառնալու մասին, այսօր ևս Պուտինը պատմեց, որ երազում էր դառնալ նավաստի, օդաչու և հետախույզ:
«Ինչպես և շատ տղաներ, ես ուզում էի նավաստի լինել, հետո օդաչու, հետո հետախույզ: Երբեմն նույնիսկ մտածում եմ, թե ինչպես դա տեղի ունեցավ: Սա իրականում հեշտ բան չէ, չի կարելի պարզապես գալ և ասել՝ ես ուզում եմ հետախույզ լինել, այդպես չի լինում, բայց իմ դեպքում հենց այդպես եղավ», - ասել է Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի նախագահը միշտ հպարտությամբ է խոսել այն մասին, որ սովետական տարիներին հետախույզ էր։ Նա ընդհանրապես սիրում է խոսել սովետական տարիներից, պատմության հաղթական դրվագներն, ընդհանրապես, Ռուսաստանի իշխանությունները դարձրել են պրոպագանդայի հիմնական գործիքներից մեկը։ Այսօր, օրինակ, Պուտինը հայտարարել էր, որ եթե 20-րդ դարում Ռուսաստանը երկու անգամ չքանդվեր, երկիրն այսօր կունենար 500 միլիոն բնակչություն։ 1917 թվականի հեղափոխությունից հետո Ռուսական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ:
Ռուսաստանը կորցրեց հսկայական տարածքներ, աստիճանաբար վերականգնվեց, այնուհետև տեղի ունեցավ նաև Խորհրդային Միության փլուզումը, հիշել է Պուտինը՝ հավելելով, - «Ինչո՞ւ: Մենք պետք է մանրակրկիտ վերլուծենք, թե որն էր դրդապատճառը, որն էր այս դրամատիկ իրադարձությունների պատճառը: Եթե դրանք տեղի չունենային, մենք այլ երկիր կունենայինք: Որոշ փորձագետներ կարծում են, որ մեր բնակչությունը այժմ կլիներ մոտ 500 միլիոն մարդ: Պարզապես մտածեք դրա մասին»:
Պուտինը այսօր հիշել է նաև ռուսական պատմության ևս մեկ դրամատիկ էջ՝ Լենինգրադի շրջափակումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 2,5 տարվա ընթացքում սովից և ցրտից մահացել էր 600 հազարից մինչև 1,5 միլիոն մարդ՝ տարբեր գնահատականներով։ Ռուսաստանում վերջի տարիներին այս մասին պարբերաբար խոսում են, նշելով, որ գուցե զոհերի թիվն այդքան մեծ չլիներ, եթե իշխանությունները քաղաքը հանձնեին գերմանացիներին։ Պուտինը, սակայն, այսօր հայտարարել է, որ նման կարծիք հայտնողները անիմաստ խոսացողներ են պարզապես։
«Ռուս ժողովուրդը ենթակա էր ոչնչացման: Մենք երբեք չպետք է մոռանանք այս մասին և երբեք չպետք է թույլ տանք, որ ասեն՝ «ինչու էր անհրաժեշտ պայքարել Լենինգրադի համար, այն կարելի էր հանձնել, այդ ժամանակ ավելի քիչ զոհեր կլինեին»: Այդ ժամանակ գուցե ավելի քիչ զոհեր լինեին, բայց այդ դեպքում չէին լինի նրանք, ովքեր այսօր խոսում են այս մասին», - ասել է Պուտինը:
Ռուսաստանում վերջին տարիներին կոշտ գրաքննությունը գոյություն ունի նաև պատմության նկատմամբ։ Ռուսաստանի իշխանությունների վերջին տարիներին նույնիսկ խոսում են այն մասին, որ բռնապետ Ստալինը, այսպես ասած, միայն բռնապետ չէր և շատ լուրջ ներդրում ունի պետության կայացման և զարգացման գործում։ Ռուսաստանի իշխանությունները հատկապես չեն սիրում, երբ Ստալինին համեմատում են Հիտլերի հետ։
Պուտինն այսօր խոսել է նաև Աֆղանստանից, քննադատել է ամերիկացիներին՝ ասելով, թե ԱՄՆ զինված ուժերը Աֆղանստանում էին 20 տարի, սակայն նրանց գործունեության արդյունքը զրոյական էր և ողբերգություններից բացի ոչինչ չբերեց:
Ի դեպ՝ Ռուսաստանի իշանությունները, իհարկե, առիթը բաց չեն թողնում Միացյալ Նահանգներին քննադատելու համար, սակայն ռուսաստանցի վերլուծաբանները համարում են, որ առաջիկայում Մոսկվան ու Վաշինգտոնը ստիպված են լինելու համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։